
Ժամանակակից պատերազմի ամենակիրառվող ձևերից մեկը հակառակորդի ճանաչողական, հոգեկան ընկալման, որոշում կայացնելու, զգոնության, միասնականության և հոգևոր արժեքների խեղման գործիքների օգտագործումն է։
Ներկայում հարկադրանքի անուղղակի և ոչ մահացու մեթոդները, ներառյալ՝ փափուկ ուժը, տնտեսական պատժամիջոցները և տեղեկատվական գործողությունները, կենտրոնական դիրք են գրավել զինված հակամարտությունների կառավարման և սրման գործում։
Տեղեկատվական դարաշրջանի գալուստով և սոցիալական ցանցերի ի հայտ գալով, մտքերի գրավման և ճանաչողական պատերազմի ոլորտները անհամեմատելիորեն փոխվել են։ Սոցիալական ցանցերը՝ որպես տեղեկատվության և նորությունների արագ փոխանցման հարթակներ, դարձել են մտքերի գրավման ամենակարևոր գործիքները։
Հոգեբանական ներազդման գործողություններից է ճշմարտանման լուրերի տարածումը հատուկ նպատակով, այն է՝ իշխանություններին հարմար բարոյահոգեբանական մթնոլորտը հասարակությանը մատուցել որպես իրակնություն։ Այդ նպատակին ավելի հեշտ են հասնում՝ իրենց անհրաժեշտ ճշմարտանման տեղեկատվության տարածուման գործում «պաշտոնական ընդդիմադիրներից» ներգրավելով։ Հետագայում՝ իրական տեղեկության բացահայտումից հետո, իշխանության ռեյտինգը բարձրանում է, իսկ «պաշտոնական ընդդիմության» վարկն արագ անկում է ապրում։ Այդուհետ ձևավորվող ընդդիմության համար դա դառնում է հաղթահարելիք խոչընդոտ։ Այս գործելակերպով հասարակությանը վերածում են բամբասողների հավաքականության՝ զուրկ մարտական ոգուց, վերլուծելու ձգտումից, հետևություններ անելու կարողությունից։
Այս մեթոդի կիրառմամբ Նիկոլը հասարակությանը շեղում է և կշարունակի շեղել կարևոր իրադարձություններից, թուլացնել հասարակության զգոնությունը, ինչն ի վերջո հնարավորություն կտա քաոս ստեղծելու և իրեն պետքականն անելու։ Այդ պարագայում հասարակությունը չի դիմադրի, քանի որ այլևս չի վստահի որևէ մեկին։
Այս երևույթի դեմ պայքարը պահանջում է հասարակության մեդիագրագիտության և ճանաչողական պատերազմի ձևերի իմացության բարելավում․․․
Վազգեն Պետրոսյան
Հայաստանի Ժողովրդային Շարժման համակարգող