Բակո Սահակյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը...

Երեկ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձ կատարեց Արցախի խնդրին և, մասնավորապես, իր հայտարարած դավադիրներին: Փաշինյանն իր խոսքում ակնարկեց, որ օրեր առաջ խոսելով դավադիրների մասին՝ նկատի է ունեցել Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանին. «Ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ո՞նց եմ պատկերացնում, ի՞նչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, էս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է գնա գրի, որ Փաշինյանն ասում է՝ հողերը ծախում ա, ի՞նչի համար է ինքը դա անում, ինքը գիտի հարյուր տոկոսով՝ ինչ է կատարվում։ Ընդ որում, երբ որ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում ու ինչ են ուզում ասել»։

Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից հետո չուշացավ Արցախի նախագահի պատասխանը: Բակո Սահակյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, հավասարակշիռ, բայց միևնույն ժամանակ բավական կոշտ պատասխանով էր հանդես եկել: Նախ՝ Արցախի նախագահը հերքեց Փաշինյանի այն պնդումը, ըստ որի՝ նախկին իշխանությունները անհրաժեշտ տեղեկատվությամբ չէին կիսվում Արցախի ղեկավարների հետ.«Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ եւ դրանցից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունները տեղյակ էին պահում Արցախի ղեկավարությանը քննարկվող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»,-ասել էր նախագահ Սահակյանը՝ ակնարկելով, որ միայն Փաշինյանը չէ, որ փաստաթղթ է տրամադրել.«Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետության վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»:

Արցախի նախագահը առաջին անգամ իր խոսքում շոշափեց հայության միասնականության հարցը՝ ակնարկելով, որ միասնականությունը խախտում է հենց Նիկոլ Փաշինյանը.«Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը մեր միասնականությունն է, եւ անթույլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղված ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում, թե Սփյուռքում: Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձեւն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երեւույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Այն, որ Արցախի և Հայաստանի ներկայիս իշխանությունների հարաբերությունները վերջիններիս նախաձեռնությամբ լարված էին, պարզ էր բոլորի համար: Արցախի նախագահ Բակո Սահակյանը իր այս պատասխանով հստակ գիծ քաշեց և շեշտեց, որ այլևս Փաշինյանի անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնալու: Արձանագրենք նաև, որ նախագահ Բակո Սահակյանը քաղաքավարի ցույց տվեց, որ Փաշինյանը կեղծում է փաստերը, երբ խոսում է Արցախի խնդրի և դրանում՝ նախկին իշխանությունների դերի մասին: