2024 թվականի մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Մարտի 18-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ Այսպես սկսվեց Տավուշի մարզի գյուղերին պատկանող տարածքների հանձնումը Ադրբեջանին։
Այս հայտարարությունների ֆոնին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալաստանյանը և մի շարք այլ գործիչներ հայտարարեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկի մասին։ Շարժման առաջին օրերին փակվեց Կիրանցով անցնող միջպետական ճանապարհը, իսկ հետո շարժման նախաձեռնողները շարժվեցին դեպի Երևան։ Դեպի մայրաքաղաք քայլերթի հենց սկզբից Բագրատ Գալաստանյանը հայտարարում էր․ «Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը»։
Բլից-կրիգային այս տրամաբանությունը թույլ տվեց շարժման շարքեր ընդունել ամենատարբեր ուժերի, այդ թվում հանրության մեծամասնության կողմից մերժելի այնպիսի ուժի, ինչպիսին է «Սասնա Ծռեր» խմբավորումը, որը հիմա ԱԺԲ անվան ներքո է հանդես գալիս։ Մարդիկ հանդուրժում էին, քանի որ նրանք շարքային մասնակիցներ էին ու հարթակում գտնվողներն ամենևին էլ իրենց գաղափարները առնվազն հրապարակային չէին կիսում։
Պետք է նկատել, որ բլից-կրիգային տրամաբանությունն էր նաև, որ թույլ էր տալիս շարժման ներկայացուցիչներին հստակ դիրքորոշումներ չներկայացնել արտաքին, ներքին քաղաքական հարցերի, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների, սահմանների խնդրի վերաբերյալ։ Շարժումը հայտարարում էր, որ ժամանակ չկա և պետք է մի քանի օրվա ընթացքում հեռացնել Փաշինյանին ու կասեցնել Տավուշի մարզից տարածքների հանձնումը։ Այս հարցերում էլ քաղաքացիներն ըմբռնումով էին մոտենում։
Նախատեսված բլից-կրիգը չստացվեց․ Փաշինյանը մնաց իր տեղում, իսկ տարածքները հանձնվեցին, բայց շարժումը նաև չհայտարարեց, թե չի կարողացել հասնել իր առաքելությանը, այլ հայտարարվեց, որ պատրաստվում են աշնանն առավել ակտիվ գործողությունների։
Քանի որ մինչև աշուն բավական ժամանակ կար, հանրության մտածող մասը հույս ուներ, որ մինչ այդ շարժման առաջնորդները դուրս կգան չստացված բլից-կրիգի ազդեցության տակից և հստակ կներկայացնեն իրենց մոտեցումները ներքին ու արտաքին հարցերի վերաբերյալ։ Այո՛, հստակեցումը կբերեր նրան, որ ովքեր հավանական բլից-կրիգից ոգևորված էին միացել, կանջատվեին, բայց դա նաև հնարավորություն կտար վստահ լինելու, թե ինչ օրակարգ ունեցող շարժման են աջակցում։
Այս ընթացքում հստակեցումներ ոչ միայն չեղան, այլ հարթակում հայտնվեցին մարդիկ, ովքեր պետք է երբեք այնտեղ չլինեին։ Խոսքը մասնավորապես «Սասնա Ծռեր» խմբավորման ղեկավար կազմի մասին է։
Այս խմբավորման հարթակում հայտնվելը առաջացնում է հարցեր։ Բոլորին է հայտնի, որ այս խմբավորումը գործում է նույն Արևմուտքի տանիքի ներքո, ինչի ներքո գործում է Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ՝ այս խմբավորումն ունի հստակ արտաքին քաղաքական կողմնորոշում, այն է ուլտրա-հակառուսականություն։ Խմբավորման ղեկավարները, այդ թվում՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հարթակից ելույթ ունեցող Գարեգին Չուգասզյանը հայտարարում են, որ Հայաստանն օկուպացված է ռուսների կողմից և այդ օկուպացիայից պետք է ազատվել (նույնն է ասում նաև Փաշինյանը)։ Նրանք կարծում են, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից և միանա ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։
Հարթակ տրամադրելով «Սասնա Ծռեր» խմբավորմանը՝ Բագրատ Սրբազանը պարտավոր է մինչև սեպտեմբերյան սպասվող իրադարձությունները հստակեցում մտցնել՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կիսո՞ւմ է իրենց միացած և իրենց հարթակից ելույթ ունեցող «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների կարծիքը և գտնո՞ւմ է, որ Հայաստանը օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Եթե չի կիսում այդ կարծիքը, ապա ինչպե՞ս է ստացվել, որ նրանք շարքային մասնակցիներից արդեն վերածվել են հարթակից կոչեր հնչեցողների։ Այս պարագայում կարելի է կասկած ունենալ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չունի իզմեր, և գերխնդիրը մասնակիցների քանակն է։ Այս հարցով հստակեցումներն օր առաջ են պետք, որպեսզի ամեն մեկն իր անելիքն իմանա։
Հ․Գ․ Հետաքրիր է, որ «Սասնա Ծռեր» խմբավորումն այնքան է իրեն վստահ զգում, որ շարժման անունից արդեն հայտարարություններ է անում։ Խմբավորման անդմաներից Արա Պապյանն, օրինակ, օրերս հայտարարել էր, թե «ռուսները հստակ պահանջ են դրել շարժման առաջ և մերժում են ստացել»։ Բագրատ Գալաստանյանի գլխավորած շարժումը դեռ այս հայտարարությունը չի հերքել, նաև չի ասել, թե ինչպես է Արա Պապյանը տեղեկանում իրենց արված առաջարկներին, եթե այդպիսիք, իհարկե, եղել են։
Բորիս Մուրազի