Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Քվինը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, մարզպետի աշխատակազմի, դեսպանատան ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, մի շարք հրավիրյալներ օգոստոսի 6-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի վերանորոգված և նորովի վերազինված վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի բացման արարողությանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը։
Վերջիններիս գործունեությանը հյուրերին ծանոթացրել է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը:
Սպիտակի բժշկական կենտրոնի վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի վերանորոգումը և անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով վերազինումն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան Եվրոպական հրամանատարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի, ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ ջանքերով:
Զգայական սենյակը նախատեսված է հատուկ կարիքներ՝ մասնավորապես աուտիզմ ունեցող երեխաների համար, և այստեղ սպասարկվում է շուրջ 50 անչափահաս անձ, մինչդեռ վերականգնողական կաբինետը թե՛ մեծահասակների և թե՛ երեխաների համար է:
Սպիտակի բժշկական կենտրոնին և տարածաշրջանի բնակչությանը ցուցաբերված աջակցության համար ԱՄՆ դեսպանատանն իր երախտագիտության խոսքն է հղել Վարդուհի Սիսակյանն՝ ընդգծելով, որ առողջական խնդիրների հաղթահարման համար բուժառուները այլևս ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք և կսպասարկվեն հենց տեղում՝ զգալի ֆինանսական միջոցներ տնտեսելով:
Իր ողջույնի խոսքում Արմեն Գասպարյանն ընդգծել է վերականգնողական կաբինետի և զգայական սենյակի վերազինման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է վերականգնողական բժշկական օգնության ծառայության ոլորտի շարունակական զարգացումը, հասանելի, մատչելի, արդիական, բարձր որակի վերականգնողական ծառայությունների մատուցումը ազգաբնակչությանը և բարձր է գնահատում ԱՄՆ դեսպանատան աջակցությունն այս հարցում:
Լոռու մարզին ցուցաբերված հերթական թիրախային աջակցության համար՝ իր և Լոռու մարզպետի աշխատակազմի անունից երախտագիտություն է հայտնել Հովհաննես Ավետիսյանը: Նա նշել է, որ անգնահատելի է եղել ԱՄՆ դեսպանատան օգնությունը հատկապես Քովիդի դեմ պայքարի օրերին, ԼՂՀ բռնի տեղահանված անձանց աջակցության հարցում, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով:
-Լոռու մարզում իրականացված հերթական ծրագիրը խոսում է մեր երկու ժողովուրդների բարեկամության մասին: Շնորհակալություն մեր ազգաբնակչության կողքին լինելու համար,-ասել է մարզպետի պաշտոնակատարը:
Դեսպան Քրիստինա Քվինն իր ելույթում նշել է, որ մեծ ուրախությամբ են իրականացրել ծրագիրը՝ կարևորելով Լոռու մարզի ազգաբնակչության կյանքի որակի բարելավման անհարժեշտությունը:
-Սա լավ օրինակ է մեր երկու երկրների միջև համագործակցության, և մենք պատրաստ ենք այսուհետ ևս շարունակելու ծրագրեր իրականացնել Լոռու մարզում,-ասել է տիկին դեսպանը:



