
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին:
Համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-2024 թթ ընթացքում թաքցրել են շուրջ 3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս:
Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ hետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՊԵԿ-ը շարունակելու է հետևողական պայքարը` հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ այսպես նաև պաշտպանելով օրինական բիզնեսի շահերը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։