«Ազգային միացյալ նախաձեռնության» նախագահ, քաղակտիվիստ Շահեն Հարությունյանը այս տարեսկզբից սկսել է աշխատել ՀՀ Ազգային Ժողովում՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի հետ: Խորհրդարանում աշխատանքի անցնելուց հետո կարծիքներ կան, թե երիտասարդ քաղակտիվիստը պասիվացել է, փոխել քաղաքական դիրքորոշումները: Politik.am-ը Շահեն Հարությունյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ են իր՝ որպես քաղակտիվիստ, պասիվանալու մասին խոսակցությունները:
«Պասիվություն միանշանակ կա՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Ինքս էլ եմ շշուկներ լսել, թե ԱԺ-ում աշխատել սկսելուց հետո պասիվ եմ, կամ ազատ խոսքս սահմանափակվել է: Բայց նման բան չկա, իմ ազատ խոսքը որևէ կերպ չի կարող սահմանափակվել, ես բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը, որ շատ հաճախ հակառակ է եղել իշխանությւոնների կարծիքին, և այժմ էլ կարող եմ փաստել, որ իմ աշխատանքը բացարձակ կապ չունի իմ քաղաքական գործունեության հետ»:
Հարությունյանի խոսքով՝ քաղաքական-հասարակական գործունեության մեջ դադարներ են պետք.«Ես անվերջ «գնդակներ» չունեմ պայքարի, և իմ ունեցած քիչ «գնդակները» պետք է օպտիմալ օգտագործել»:
Շահեն Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի Հայաստանում իշխանափոխությունից հետո տիրող իրավիճակը.
«Հայաստանում գրեթե ոչինչ լավ չէ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ շատ բեկումնային ժամանակներ են շուտով գալու: Պետք է բեկումնային լինի և՛ հասարկության, և՛ քաղաքական դաշտի համար: Դեռևս 2013թ.-ից սկսած՝ հայրս խոսեց արժեքների հեղափոխության մասին, ու ինձ համար էլ մինչ օրս գլխավոր խնդիրը հասարակության մեջ արժեքների հեղափոխությունն է: Ամեն ինչ վատ է, բայց, կարծում եմ, ամենավատը, որ կարող ենք արձանագրել, հասարակության գիտակցությունն է, և, ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտում տիրող բարքերը, օրենքները, մոտեցումները: Ներկան բնորոշող ամենաճիշտ արտահայտությունը հետևյալն է՝ ցանկացած իշխանություն համապատասխան է իր ժողովրդին: Բայց այժմ Հայաստանում քաղաքացիական գիտակցությունը մեռած վիճակում է, ձգտում չունի վերանայելու իր արժեքները: Մտքերի լճացման ժամանակաշրջան է: Մեր քաղաքական դաշտում չկա լուրջ բանավեճ, լուրջ վերլուծություն. իրար նկատմամբ վիրավորանքների տարափ է»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ նման սպասելիքներ ունե՞ր, Շահեն Հարությունյանը պատասխանեց.
«Քաղհասարակության պայքարը մինչ այդ ընթանում էր իր ողջ էությամբ, իր թույլ ու ուժեղ կողմերով, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականի օրվանից սկսած՝ պայքարը թևակոխեց մի այնպիսի փուլ, որն ինձ համար անընդունելի էր իր անսկզբունքայնությամբ: Բազմաթիվ մարդիկ, որոնք ՀՀԿ-ի կողքին էին, արագորեն փոխեցին «ճամբարը»: Աննորմալ երևույթ է երկար տարիներ սպասարկել այդ իշխանությանը, բայց պարագլխի հրաժարականից հետո հանկարծ դառնալ ընդդիմադիր, հեղափոխական: Հենց այդ ժամանակից այլակարծությունը սվիններով էր ընդունվում հասարակության կողմից: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ Հայաստանում ստեղծվի իրապես ազատ խոսքի արտահայտման հնարավորություն»:
Հարությունյանը չշտապեց կարծիք արտահայտել իրավիճակից հնարավոր ելքերի մասին՝ ասելով.«Ընդհանրապես, ելքերը որոշում են գործող իշխանությունները, որովհետև բոլոր լծակներն իրենց ձեռքում են. սա վերաբերում է բոլոր երկրներին: Մեր դեպքում դեռևս պարզ չէ՝ իշխանություններն ինչպիսի ելք են ակնկալում. որոշակի պատկերացումներ կան, բայց ժամանակ է անհրաժեշտ»:



