Քննարկվել են մի խումբ օրենսդրական նախաձեռնութ...

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 6-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ օրենսդրական նախաձեռնություններ:

Քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և կից օրենսդրական նախագծերի փաթեթը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթում կատարվել են միայն խմբագրական բնույթի փոփոխություններ:

Նախագծով ակնկալվում է ապահովել ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով:

Նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ապահովել դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի անհապաղ կատարումը՝ խուսափելով անհարկի ձգձգումներից և ակտերի՝ ժամանակավրեպ դառնալուց:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել ներկայացված օրենսդրական փաթեթը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները:

Առաջարկվում է ավելի կատարելագործել առցանց հաշտարարության կիրառումը նշելով, որ առցանց հաշտարարության դեպքում կողմերը կարող են հաշտարարությունն էլեկտրոնային եղանակով ստորագրել:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Զեկուցողի խոսքով՝ վերջին երեք ամիսներին պարտադիր հաշտարարության գործարկումից ի վեր ավելի քան 320 գործ մուտքագրվել է նախարարության էլեկտրոնային համակարգ: Նշվել է, որ քաղաքացիները նախարարությունից խնդրում են հաշտարարի թեկնածու և շուրջ 30 տոկոս դեպքերում կողմերը հաշտվում են:

Ըստ Տիգրան Դադունցի՝ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկներ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Քննարկվել է նաև ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի խոսքով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները:

Զեկուցողի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ չեն ներկայացվել:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը հորդորել է դրական եզրակացություն տալ նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի հավանությանը:

««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով: