Երկու շաբաթ առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թվով 80-85 անհատների կողմից Սոցիալական շարրժմանը միանալու հրավեր է ստացել և սիրով համաձայնել:
«Մարդկանց առաջ ծառացած սուր խնդիրներին հրատապ լուծումներ են անհրաժեշտ, և եթե երկրում փոխվել է կառավարման ձև, համակարգ, փոխվել են կառավարման մեջ բարքերը, ապա ճիշտ ժամանակն է բարձրացնել սոցիալական խնդիրները, որովհետև մենք ունենք մեկ միլիոնանոց աղքատություն, և ոչինչ այդտեղ, կարծես թե, չի փոխվում: Ունենք գործազրկություն, պաշտոնական թվով, արդեն ավելացող: Ունենք աշխատավարձերի և եկամուտների, մեղմ ասած, անբավարարություն և այլն, և այլն: Սոցիալական խնդիրները շատ են՝ առողջապահությունից սկսած, տարրական կենցաղային խնդիրներով վերջացրած: Եվ ժողովուրդը՝ որպես երկրի տեր, որպես օրակարգ ձևավորող, ունի այդ խնդիրների լուծման անհրաժեշտություն, հետևաբար ձևավորում է սոցիալական օրակարգ, որպեսզի փորձի նաև առաջարկել լուծումներ»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ պարզաբանելով, թե ինչու է որոշել միանալ շարժմանը:
Մանրամասներ ներկայացնելով շաժման գործողությունների հետագա ընթացքից՝ Ուրիխանյանը նշեց.«Շարժման նպատակն է մոբիլիզացնել բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են սոցիալական խնդիրների, այսպես ասած, թիրախը: Այն է՝ առանձին վերցրած խմբերով, անհատներով, նաև՝ կազմակերպություններով, կձևավորեն օրակարգ, այնուհետև կառաջադրեն այն լուծման հնարավորություն ունեցողների առջև: Բացառապես՝ սոցիալական ուղղություն: Քաղաքական օրակարգ մենք չունենք: Նախատեսվում է այդ կառույցների ձևավորումից հետո արդեն ընդլայնված հավաք, որի ժամանակ կստեղծվի շարժմա կոմիտեն: Կախված առաջարկից՝ կորոշեմ՝ անդամակցե՞լ, թե՞ ոչ, բայց որ շարժման մեջ լինելու եմ և անդամակցելու եմ, դա միանշանակ է»:




