Հայաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 30-ին հանդիպել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են կանանց, խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։
Հանձնաժողովի հրապարակման համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը, անդամ Անուշ Միրզոյանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանում և Հարավային Կովկասի հետ կապերի պատասխանատու Կաորի Իշիկավան ու կազմակերպության՝ Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները։
Կողմերն անդրադարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի իրականացման Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց առնչվող խնդիրներին և դրանց լուծման հետագա քայլերին։ Քննարկվել են նաև խորհրդարանական վերահսկողության, փորձի փոխանակման և գենդերային քաղաքականության հարցերը։



