Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատավորի անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել է ՀՀ նախագահի որոշմամբ՝ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ խորհրդարանում գործում էր բոլորովին այլ մեծամասնություն, այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեկնաբանություններին, որ դատավորի թեկնածուներին անընդմեջ մերժելով՝ իշխող ուժը անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս նախագահի ինստիտուտին։
«Խորհրդարանի այդ մեծամասնությունն ուղղակի քաղաքական քմահաճույքով մերժել է ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածուին։ Այսինքն՝ մինչև «Իմ քայլը» դաշինքի համար ընդունելի թեկնածու լինելը Վահե Գրիգորյանը նախորդ գումարման ԱԺ-ին ներկայացվել է ՀՀ նախագահի կողմից՝ հայտարարված մրցույթում հաղթելու արդյունքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



