
«Ինչպիսի՞ն պիտի լինի մարդկանց տրամադրությունը, երբ իրենց հոգևոր առաջնորդը ձերբակալված է, ու ձերբակալված է մի երկրում, որը համարվում է առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրը։ Սա խայտառակություն է»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաշես սարկավագ Աջապայանը՝ խոսելով այն մասին, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատավորը 10 օրով երկարաձգեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը։
«Միայն իշխանությունը չէ մեղավոր, եթե միայն իշխանությունը մեղավոր լիներ, ապա իշխանությունը չէր կարող այս աստիճան ապօրինություն գործել և անպատիժ մնալ։
Բոլորս ենք մեղավոր, որովհետև Աստծուց հեռացել ենք, մեր կյանքում մեղքին տեղ ենք տվել»,–հավելեց նա։
Արձագանքելով իշխանության կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե հոգևորականներն իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու, Արտաշես սարկավագ Աջապահյանն ասաց.
«Եկեղեցականները միշտ էլ զբաղվել են ազգային հարցերով, իսկ սա ազգային հարց է։ Ազգային հարցերը փակում են վանդակի մեջ, անունը դնում են «քաղաքականություն» և ասում են՝ «այ սա քաղաքականություն է, սրանով արգելված է ձեզ զբաղվել»։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։
Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Զոհրաբյանը կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեցին, սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը։ Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։