
Քաղաքագետ Ազատ Ադամյանը Հայաստանի ներկա զարգացումները դիտարկում է աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում և Արևմուտքի տրամաբանության շրջանակում։ Նրա խոսքով՝ երրորդ և չորրորդ հանրապետությունների «կռիվը» մոտենում է ավարտին, և առաջիկայում Հայաստանը կանգնելու է կամ արտահերթ, կամ հերթական ընտրությունների առաջ, որտեղ իրական հաղթողներ չեն լինելու։
Ադամյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում ունեցած վերջին ելույթը ավելի շատ տրտունջ էր, քան քաղաքական ծրագիր։ Նրա համոզմամբ՝ այդ ելույթով հաստատվեց այն միտքը, որ իշխանությունը փորձում է հնարավորինս արագ «վաճառել» խաղաղության փաստաթուղթը, քանի որ ուշացումը կարող է նվազեցնել դրա արժեքն ու ազդեցությունը։
Քաղաքագետի գնահատմամբ՝ արտահերթ ընտրությունների գաղափարը հենց այս արագացման տրամաբանության մեջ է տեղավորվում։ Փաշինյանը որպես պատճառ ներկայացնում է այն, որ երրորդ հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ, իսկ չորրորդի կառուցումը կիսատ է մնացել։ Սակայն, ըստ Ադամյանի, այս բացատրությունը բավարար հիմք չէ, և անհրաժեշտ է ընդդիմադիր դաշտից լեգիտիմություն։
Նրա դիտարկմամբ՝ այդ լեգիտիմության հնարավոր աղբյուր կարող է լինել «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած գործընթացը, բայց դրա իրականացման համար անհրաժեշտ է լեցուն փողոցներ։ «Հետևաբար պետք է Նիկոլից սպասել սադրանքների, որոնց արդյունքում մարդիկ դուրս կգան փողոց»,- եզրափակում է Ադամյանը։