Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ հունիսի 8-9-ը իրականացվեց լրագրողական երկօրյա այցելություն՝ դեպի ՀՀ Լոռու մարզ: Այցելության ընթացքում այցելություններ են կատարվել մի շարք բնակավայրեր, որոնց ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին կներկայացնենք մեր հետագա հրապարակումներում: Եվ այսպես, մեր առաջին հանգրվանը Լոռվա մարզի Յաղդան բնակավայրն է:
Յաղդանը Լոռու մարզի Լոռի բերդ խոշորացված համայնքի 9 բնակավայրերից մեկն է՝ 245 բնակչով: Այն Հայաստանի հունաբնակ բնակավայր է, բայց այստեղ մնացել են ընդամենը 20 հույներ, բոլորը՝ մեծահասակներ, կան նաև կիսահայ-կիսահույն բնակիչներ՝ 45 հոգի: Հույներն այստեղ 1812թ.-ից են բնակվում: 1992թ.-ին Յաղդանում մոտ 1000 հույն է եղել, հետագայում բազմաթիվ ընտանիքներ հեռացել են հայրենի Հունաստան:

Բնակավայրի վարչական ղեկավար Արամ Ջանջուղազյանը պաշտոնը ստանձնել է 2014-ից: Ազգությամբ հայ ղեկավարն ասում է՝ բնակավայրում հայերն ու հույներն իրարից չեն տարբերվում, միշտ ջերմ ու հարազատի նման են ապրել, կան նաև խառնամուսնություններ: Գյուղում տարեկան 5-6 ծնունդ է լինում:

Գյուղում բազմաթիվ անբնակ տներ կան: Դրանցից շատերը դատարկվել են տարիներ առաջ, երբ հույները հեռացել են Հունաստան, մյուսները արտագաղթած հայերի տներն են: Վարչական ղեկավարի խոսքով՝ ամռան ընթացքում այդ տներից որոշներում բնակվում են հարևան գյուղերից եկած մարդիկ, որոնք տեղացիների հետ միասին Յաղդանում զբաղվում են կարտոֆիլի մշակությամբ՝ վարձատրվելով օրական 4000 դրամով:

Յաղդանում գյուղամիջյան փողոցներն ասֆալտապատված կամ հարթեցված չեն: Գյուղը գազաֆիկացված է, բայց, Ջանջուղազյանի խոսքով, բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը թույլ չի տալիս օգտվել բնական գազից՝ թանկ է: Խմելու ջրի խնդիր ունեն: Վարչական ղեկավարն ասում է՝ «Վելոլիա Ջրի» հետ կապված խնդիրներ կան, ջուրը մի քանի օրը մեկ են տալիս՝ 2-3 ժամով, ժամերն էլ հստակ չեն, որ բնակիչներն իմանան՝ օրվա որ հատվածը պետք է տրամադրեն ջուր հավաքելուն:

Յաղդանում մանկապարտեզ չկա, երեխաներն ազատ ժամանակն անցկացնում են գյուղապետարանի մոտ մի քանի տարի առաջ կառուցված խաղահրապարակում: Գործում է 9-ամյա դպրոց: Աշակերտների մի մասը, հիմնական դպրոցն ավարտելուց հետո, հարևան գյուղերի ավագ դպրոցներ է հաճախում, մի մասի ուսումնառությունն էլ սահմանափակվում է 9-ամյա կրթությամբ:


Նատալիա տատը գյուղի 20 հույներից մեկն է: Յաղդանում ամուսնացել է հայի հետ: Իր փոքրիկ գյուղական տանն այժմ ապրում է մենակ: Զավակներից մեկն ընտանիքով ՌԴ-ում է, մյուսը՝ հայրենի Հունաստանում: Երեխաները ուզում են իրեն էլ տանել միասին բնակության: Մի անգամ կարճ ժամանակով գնացել է Հունաստան, բայց չի կարողացել մնալ: «Ես Հայաստանում ծնվել եմ, Հայաստանում էլ կմեռնեմ»,-ասում է 90-ամյա մանուկը:

Բնակավայրի վարչական ղեկավարը վստահ է՝ գյուղը կարող է զարգանալ, եթե սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվի ու խմելու ջրի խնդիրը լուծվի:
Մարիամ Սարգսյան



