Այսպես, կատակի տալով էլ հասանք այստեղ․ ո՞վ պե...

Քաղաքական դաշտի առաջընթացի և երկրի համար արդյունավետ քաղաքական լուծումներ գտնելու համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ուժերն ու գործիչները ոչ միայն խոսեն պատասխանատվության մասին, այլև անհրաժեշտության դեպքում կրեն այն։ Առանց քաղաքական պատասխանատվության չի կարող ձևավորվել առողջ քաղաքական համակարգ։

Ընտրություններն արդեն անցյալում են, և այժմ ընդդիմադիր ուժերին կարելի է ու պետք է հարցեր տալ՝ ակնկալելով պատասխանատվություն արձանագրված արդյունքների համար։ Գլխավոր հարցերը, բնականաբար, ուղղված են «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և այդ ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նրանք միակ ընդդիմադիր ուժն էին, որը, ՔՊ-ից բացի, խոսում էր ոչ թե հնարավոր հաղթանակի, այլ բացարձակ հաղթանակի մասին։ Երբ հնչում էին պլան Բ ունենալու վերաբերյալ հարցեր, Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ իրենք նման պլան չունեն, քանի որ վստահ են՝ վերցնելու են իշխանությունը։ Ընդ որում, Հայաստանի քաղաքական պատմության մեջ նա գրեթե եզակի հնարավորություն ուներ. հաշվի առնելով իր հեղինակությունն ու անցած ճանապարհը՝ ընդդիմադիր դաշտից նրա հասցեին գրեթե քննադատություն չէր հնչում։ Ավելին՝ նույնիսկ մրցակից ուժերից շատերը հրապարակային աջակցող խոսքեր էին ասում։

Սակայն այդ բացառիկ վստահությունը չարդարացվեց։ «Ուժեղ Հայաստանը» պարտվեց և թույլ տվեց, որ հունիսի 8-ի կեսգիշերային ասուլիսով Նիկոլ Փաշինյանը կոտրի ընտրություններից հետո ձևավորվող ընդդիմադիր ալիքը։ Չհաջողվեց նաև հանրությանը մոբիլիզացնել ԲՀԿ-ի մանդատները գողանալու հարցի շուրջ։ Արդյունքում նախաձեռնությունն ամբողջությամբ անցավ իշխանության ձեռքը։

Այնուհետև Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ունեն գաղտնի ծրագիր, որով հեռացնելու են Նիկոլ Փաշինյանին։ Օրեր անց պարզվեց, որ այդ ծրագրի առաջին քայլը մանդատները վերցնելն էր։ Մանդատները վերցվեցին, սակայն մինչ օրս հասարակությունը չի տեսնում այն քաղաքական գործընթացը, որը պետք է սկիզբ առներ այդ որոշումից։ Հետագայում էլ հայտարարվեց, որ նույն ծրագրի շրջանակում իրենք են հասել Ալեն Սիմոնյանի հեռացմանը։

Այսօր էլ մանդատների վերաբերյալ հնչող հարցերին պատասխանում են, թե իրենք գիտեն հաղթանակի ճանապարհը։ Սակայն այդ խոսքերն այլևս այն վստահությունը չեն ներշնչում, ինչ նախկինում։ Նույն վստահությամբ մինչև հունիսի 7-ը հայտարարվում էր, որ հենց այդ օրը Փաշինյանը հաստատ հեռացվելու է։ Եթե այդ հաշվարկներն ամբողջությամբ ձախողվեցին, ապա ինչո՞ւ հասարակությունը պետք է առանց հարցերի հավատա նոր հաշվարկներին։

Այսպես, կատակի տալով էլ հասանք այնտեղ, որ պարտություն և աղետ բերած Նիկոլ Փաշինյանը երրորդ անգամ ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Եթե քաղաքական ուժերը չեն վերլուծում իրենց սխալները, չեն ընդունում իրենց պատասխանատվությունը և հասարակության առաջ հաշվետու չեն լինում, ապա նույն սխալների կրկնությունը դառնում է ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն։ Քաղաքական պատասխանատվություն պահանջել միայն իշխանությունից, բայց չպահանջել այն ընդդիմությունից, նշանակում է նպաստել նույն քաղաքական մշակույթի պահպանմանը։ Իսկ այդ մշակույթն է, որ հերթական անգամ երկիրը կանգնեցնում է նույն փակուղու առաջ։