Այսօր Վեհափառի օծման և գահակալության 25-րդ տա...

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 25-րդ տարեդարձն է: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 25-րդ տարեդարձը։

Նորին Սրբությունն իր գահակալության տարիների ընթացքում հայրապետական առաջնորդությամբ և անխախտ կորովով կարողացել է դիմագրավել ժամանակի մարտահրավերները` անցյալի արժևորմամբ, ներկայի ազգաշեն գործերով և լուսավոր ապագայի տեսլականով:

Հիրավի, Հայոց Եկեղեցին ապրեց հոգևոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ամենայն Հայոց Հայրապետի ներդրած ջանքերի, հետևողական աշխատանքի և եկեղեցանվեր ու ազգանպաստ գործունեության:

Մաղթում ենք, որպեսզի Ամենակալ Տերը Վեհափառ Հորը մշտապես ամուր պահի աստվածային բարեզարդ շնորհների մեջ և պարգևի քաջ առողջություն երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայաստան աշխարհի»,- նշված է հաղորդագրության մեջ: