Ես մի քիչ չեմ հավատում ներդրումները ըստ մարզերի բաժանելուն, որովհետեւ այսօրվա ներդրումներ իրականացնելու միջավայրը համացանցն է։ Այս մասին ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Դա արդեն մեր ֆունդամենտալ ռազմավարական խնդիրներից մեկն է, որ մենք շարունակելու ենք լուծել։ Մենք պիտի վերաիմաստավորենք և մեզ համար հասկանանք՝ ինչ բան է ներդրումը, մենք չպետք է ներդրմանը այլևս վերաբերվենք որպես տրադիցիոն գործընթաց, որ ինչ-որ մեկը տոմս է առնում, ինքնաթիռով գալիս է Հայաստան, ճամպրուկով, ինչ–որ միջոցներով ու փորձում է գործարան կառուցել։ Չկա այսօր այդպիսի բան, այդպես չէ այսօր ներդրումների իրականացման գործընթացը։ Այսօրվա ներդրումները դիվերսիֆիկացված, փոքր բաժնեմասեր են, որոնք շրջանառվում են բորսայական կանոններով, շատ ցանկալի է՝ նաև միջազգային շուկաներում, և գնորդը դա գնում է որպես փոքր բաժնեմաս X գաղափարի, X ընկերության կամ X ստարտափի պարագայում։
Այլևս այլ ձևով ներդրումները, ես կարծում եմ՝ հեռանկար չունեն, որովհետև ցանկացած կապիտալի տեր, լինի դա անձնական խնայողություն, թե լինի ինվեստիցիոն ընկերություն, միևնույն է՝ դիվերսիֆիկացիա է փնտրում, և ինչքան շատ լինի այդ դիվերսիֆիկացիան ու ինչքան շատ փոքր կտորներով դա տեղաբաշխված լինի, այդքան ավելի քիչ են ռիսկերը, այդքան ավելի հետաքրքիր են բիզնեսի նոր գաղափարները»,– ընդգծեց նա։
Մհեր Գրիգորյանի խոսքով, մեր բիզնեսները պետք է սովորեն իրենց մասին պատմել. «Դա բիզնեսի կանոն է, որը ցավոք սրտի, Հայաստանում այդքան զարգացած չի, և մենք պիտի ամեն ինչ անենք, որ դա զարգանա։ Այդ պարագայում ես վստահեցնում եմ, որ պոտենցիալ ներդրողների շրջանակը լոկալից կդառնա մեծ աշխարհ, որովհետև ներդրումներ ցանկանում են անեն աշխարհում միլիարդավոր մարդիկ և տասնյակ միլիոնավոր ընկերություններ, բայց մենք իրենց չենք պատմում մեր մասին, և այդ իմաստով պոտենցիալ շրջանակը ներդրումների և ներդրողների էականորեն փոքրանում և նեղանում է»։



