Այսօր ՀՀ-ն տեղեկատվական կատաղի պատերազմի մեջ...

Այսօր ԱԺ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հանդես եկավ ելույթով:

«Մեր կարծիքով՝ այսօրվա միջոցառումը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե դասական դիվանգիտությունը և պառլամենտական դիվանագիտությունը որ ուղղությամբ են շարժվելու՝ հստակ քայլերի և ուղիների ձևավորումով: Երրորդ հանրապետությունը, լինելով քաղաքականապես երիտասարդ պետություն, այնուամենայնիվ ունի այն տեսլականը, որը ձևավորվել է դարեր ի վեր: Մենք փորձել ենք այս տարիների ընթացքում ինտեգրվել բոլոր այն միջազգային թե՛ կառույցների, թե՛ որոշակի գործընթացների մեջ, որոնք կբերեին բոլոր այն  դրական փոփոխությունների, որոնց մասին խոսվել է»:

Պատգամավորը նաև նշեց այն հարցը, որը, խմբակցության կարծիքով, ամենակարևորն է.

«Առաջին հերթին, իհարկե, Արցախյան հակամարտոթւյուն. մեզ հաճախակի թվում է, որ աշխարհը շատ ծանոթ է հարցի խորքային բոլոր ելևէջների, երանգների հետ, և մենք այստեղ կամ չունենք անելիք, կամ ակտիվ գործունեություն ենք իրականացնում: Համոզված եմ, որ Արցախյան հակամարտության արդարացի լուծումը կախված է նաև ձեզանից, հարգելի դեսպաններ, հյուպատոսներ: Մենք հասկանում ենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է տեղեկատվական կատաղի պատերազմի մեջ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և հաճախակի խոսելով ձեզ հետ՝ միշտ ընդգծել ենք մի շատ կարևոր փաստ, որ արտասահմանում՝ տարբեր երկրներում, բավականին լուրջ տեղեկատվական դեզինֆորմացիայի մեծ հոսք է գնում, և ամենակարևորը մեզ համար, ձեզ համար նա է, որ այն տեսլականը, որ գոյություն ունի, այն արդարացի դիրքորոշումը, որ գոյություն ունի, հասանելի լինի բոլոր մեր արտասահմանյան գործընկերների համար»: