Այս ընդդիմությանը պետք է օգնել, բայց օգնել կա...

Այս ընդդիմությանը պետք է օգնել, բայց օգնել կարելի է նրան, ով որ ուզում է իրեն օգնես: Այս մասին դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողներին է ասել Արմեն Աշոտյանը:

«Այսօրվա իրականության մեջ շատ բան ունեմ ասելու՝ հատկապես ընդդիմադիր գործունեության հետ կապված, այս ընթացքում գրավոր շփվել եմ, տեքստեր եմ գրել, հոդվածներ եմ գրել, վերլուծականներ, բայց իրոք ցանկանում եմ մի օր խոսել ընդդիմադիր  հասարակության հետ, իշխանությունը պարզ է, թե ինչ է անում, կարողանում է և անում է, իսկ ի՞նչ է կարողանում անել ընդդիմությունը, չեմ ուզում տարանջատել խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքական, հասարակական, խոսքը բացարձակ դրա մասին չէ:

Խոսքը նրա մասին է, որ պետք է պահել ճյուղի վրա այն կանաչ ծիլը, որը բոլորը մտածում են, թե չորացել է, բայց մեկ է, դա ծիլ է տալու, և այդ ծիլը մենք պետք է պահենք, որովհետև այդ ծիլն է ծաղկելու։ Իմ ընկերներին ասել եմ՝ 100 օր խորհրդարանական ընդդիմությանը չեմ դիպչելու, հիմա անցել է առաջին 30 օրը, ևս 70 օր կսպասեն, բայց դիպչելս սրտացավության խնդիր է, այսինքն ոչ թե անուն եմ կպցնելու, ոչ թե ոմանց նման ցանկանալու եմ ավելի խելոք երևալ, կամ ոմանց նման PR անել, այլ պարզապես ընդդիմությանը օգնելու եմ»,- նշել է Աշոտյանը:

Անդրադառնալով իր տնային կալանքին ու բանտախցերում տիրող իրավիճակին՝ Աշոտյանը հավելեց, որ 2 քմ են խցերը, մարդիկ հոգեպես վատ վիճակում են, կալանքն ու անբարոյականությունը սովորական են դարձել:

Շեշտեց՝ տնային կալանքը հավասարեցված է կալանքին, մարդիկ թող չմտածեն, թե դա ավելի թեթև ռեժիմ է, դա անգամ օրենքով է նույնը:

«Բանտախցում գտնվող մարդիկ՝ քաղաքական բանտարկյալները, իրականում ունեն հոգեբանական աջակցության խնդիր, և ես շատ եմ խնդրում, որ այս տեսակ ինֆորմացիաները մշտապես հասցվեն այդ 12-15 քմ-անոց խցեր: Այսօր Հայաստանում վիճակ է, երբ շատ սովորական են դարձել բազմաթիվ բաներ, ապօրինությունը սովորական է, բանտարկությունը սովորական է, անբարոյականությունը սովորական է, մեզ Օվերտոնի պատուհան չէ, «շուշաբանդ» են բացել այն աստիճանի, որ ամեն ինչ դարձել է նորմալ»,- ասել է նա: