Քոչարյանները կարող են գնալ հաշտության, եթե դատախազությունը հրաժարվի մեղադրանքից և ներողություն խնդրի։ Այս մասին օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Օրբելյանը բացատրել է, որ հարցը որևէ կերպ չի քննարկել, սակայն վստահ է, որ ստորագրումը հնարավոր է թեկուզ վաղը, եթե դատախազությունը հրաժարվի իր բոլոր պահանջներից և ներողություն խնդրի։ «Մենք ֆինանսական փոխհատուցման պահանջներ չենք ներկայացնի»,- հավելել է Օրբելյանը։
«Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կողմից որևէ անօրինական բան չի եղել»,- ընդգծել է փաստաբանը՝ կրկնելով, որ գործի մեջ փաստերը փոխարինված են ենթադրություններով, այդ թվում՝ անհեթեթ։ Օրինակ՝ որպես «ապացույց» ներկայացվում է ընկերության սեփականատիրուհու 19-ամյա տարիքը, այսինքն՝ կառուցվում է ենթադրություն, թե աղջիկն այդքան երիտասարդ տարիքում չէր կարող ինքնուրույն վաստակել ընկերություն ունենալու համար։ Թեև խոսքը խոշոր գործարարի դստեր մասին է, և, ամենայն հավանականությամբ, հարցն այն է, որ հայրը նրա անունով է ձևակերպել միջոցների մի մասը։ «Կարծում եմ՝ իրենք էլ մինչև վերջ չեն կարող հասկանալ, թե ինչում են մեղադրում։ Այդ տարիների՝ 1991 թվականից սկսած, սեփականաշնորհման գործընթացն ինքնին խնդրահարույց է։ Այսինքն, եթե պետք է հարցնել, ապա բոլորից»,- նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ հանքավայրի մասին գործի մեջ ընդհանրապես ոչ մի խոսք չկա, մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը խոսում է դրա մասին։ Քանի որ կա սխալ թարգմանության օրինակ, երբ գերմանական բանկի հաշվին անշարժ գույքի և հիպոտեկի վերաբերյալ փոխանցումը թարգմանվել է որպես «անշարժ գույքի գնում», ապա չեմ զարմանա, եթե պարզվի, որ հանքավայրի հիշատակումը ևս որևէ բանկի անվան մեջ է եղել, նշել է փաստաբանը՝ հավելելով, որ երբ մեկնաբանվում է ինչ-որ բան մեղադրանքի շրջանակներից դուրս, դա վկայում է կանխակալ վերաբերմունքի մասին։ Ո՛չ Սեդրակ Քոչարյանին, ո՛չ ինձ հանքավայրի մասին որևէ բան հայտնի չէ, հայտնել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ գործում կան նաև այլ դրվագներ, երբ Սեդրակ Քոչարյանին վերագրվում են ընկերություններ, որոնց հետ նա որևէ առնչություն չունի և նույնիսկ չի էլ ենթադրել դրանց գոյության մասին։ Օրինակ՝ ինչ-որ ընկերություն Տանզանիայում։ Նույն կերպ կարող էին վերագրել նաև սաֆարիի համար նախատեսված ինչ-որ տարածքների կամ կղզիների գոյություն»,- հավելել է Օրբելյանը։



