Այս իշխանության յոթ տարիների ձախողումը․ Ավետի...

Սոցիալական․ այս իշխանության յոթ տարիների ձախողումը: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Կառավարության նախընտրական և գործունեության ծրագրերով այս իշխանությունը նախորդ 7 տարիներին պարբերաբար խոստացել է․

տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, տնտեսական կառուցվածքի բարելավում, կենսաթոշակների նվազագույն չափի հավասարեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, ի վերջո՝ բերել համատարած երջանկություն։

Նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները․

2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,4 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս։

2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ 2023 թվականին հրապարակված վերջին տվյալներով այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։

2018 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում 81681 դրամ, աճը՝ 33,1 տոկոս, կենսաթոշակի միջին ամսական չափը դարձել է 49000 դրամ, աճը՝ 21 տոկոս, մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը 31350 դրամից աճել է ընդամենը 2000 դրամով՝ 6,4 տոկոսով, աշխատող աղքատների նվազագույն աշխատավարձի աճը մոտ է միջին գնաճի ցուցանիշին։

Ի դեպ, նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ աշխատանքային ստաժերի կրճատմանը զուգահեռ։ 2024 թվականին այն կազմել է շուրջ 43 հազար դրամ։ Ավելին՝ կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը աղքատ են կամ ծայրահեղ աղքատ և ստանում են անապահովության նպաստ։

Մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող շուրջ 100 հազար քաղաքացիներ էլ ստանում են ծերության կամ հաշմանդամության նպաստ, որը միջինում կազմում է 36500 դրամ։

Այսինքն՝ իրենց ծրագրային խոստումը կատարելու համար այս կառավարությունը հաջորդ տարի միջին կենսաթոշակի չափը պիտի բարձրացնի 67 տոկոսով կամ առնվազն 33000 դրամով, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա սկզբի համեմատ աճել է շուրջ 6000 դրամով և դարձել է 81681 դրամ։ Նվազագույն կենսաթոշակի չափն էլ պիտի բարձրացնի 21 տոկոսով կամ շուրջ 8000 դրամով, քանի որ պարենային զամբյուղի արժեքը այս տարվա սկզբի համեմատ աճել է շուրջ 4000 դրամով և դարձել է 44152 դրամ է։

Իսկ իրականում չկատարված սոցիալական խոստումները քողարկելու նպատակով հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել 33000 դրամի փոխարեն՝ ընդամենը 4000 դրամով։ Ի դեպ, հետվճար չի կատարվում հիմնական ծախս հանդիսացող կոմունալ վճարումներից։ Հաջորդը՝ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից։

Ավելին՝ աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է, իսկ միայն 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։

Անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը այս իշխանության օրոք իրականացված տարբեր խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, նվազել է շուրջ 40 տոկոսով՝ դառնալով 60752 ընտանիք, որոնց 65 տոկոսում ապրում են նաև երեխաներ։ Եվ սա այն դեպքում, երբ աղքատության միջին մակարդակը գրեթե չի փոխվել։

Ընտանիքի անապահովության նպաստի միջին չափը 36600 դրամ է՝ շուրջ 2,5 անգամ պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Փաստորեն, նվազում է սոցիալական աջակցության հասցեականությունը։

Նվազագույն աշխատավարձ ստացողներն էլ աշխատող աղքատ են, քանի որ դրա չափը շուրջ 7 հազար դրամով պակաս է նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Այսինքն՝ ըստ խոստման նվազագույն աշխատավարձն էլ հաջորդ տարի պիտի բարձրացնեն 14 տոկոսով կամ 10 հազար դրամով։ Իսկ 2026 թվականի պետական բյուջեի նախագծում այս բարձրացումը ևս նախատեսված չէ»: