Այս դատարանում արդարադատություն չի իրականացվե...

Այն շտապողականությունն, ինչ-որ ցուցաբերում էր դատարանը, ինձ համար միանշանակ էր՝ նման ելքը, բայց ես մինչև հիմա դատարանին հնարավորություն էի տվել՝ իրականում արդարադատություն իրականացնել: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

«Սա իմ դատավճիռը չէ, սա մեր երկրի արդարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին կատարած քայլ է: Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր՝ իր ամբողջ էությամբ, երբ դատավորը նիստում սկսում է քնել, մոտավորապես քնած էլ կարող է այսպիսի վճիռ կայացնել: Անհաղորդ էր ամբողջ պրոցեսին, իրեն պրոցեսը հետաքրքիր չէր, ինքն ի սկզբանե գիտեր՝ ինչ որոշում է կայացնելու»,- ասաց նա:

Հարցին՝ այս վճռով դադարելո՞ւ է լինել ՍԴ դատավոր, նա պատասխանեց, որ առաջիկայում կերևա, կտեսնենք, թե Սահմանադրական Դատարանն ինչ է անում:

Թովմասյանը նաև նշեց, որ բնականաբար բողոքարկելու են դատարանի որոշումը, և՛ վերաքննիչ և՛ վճռաբեկ դատարաններում:

«Իր մյուս նիստերը հետաձգելը նշանակում էր, որ ես իրենց համար թիրախավորված էի: Ես որևէ հանցավոր արարք ոչ միայն չեմ կատարել, այլ ամբողջ նիստի ընթացքում, ինչը լուսաբանվել է՝ ինձ որևէ հանցավոր արարք չի վերագրվել: Ենթադրությունների, կանացի կամ տղամարդու բամբասանքների, խորոված անող Արտաշի երևակայության արդյունքների վրա դատարանը որոշեց հիմնվել»,- շեշտեց նա:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին դատարանը մեղավոր ճանաչեց, սակայն Թովմասյանը քրեական պատասխանատվությունից ազատվեց՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով: