Այս ճանապարհը կարող է ծնել անիշխանություն կամ...

Նոր տարին Հայաստանի ներքաղաքական դաշտում մեկնարկեց բացավական տխուր պատկերով։ Անցյալ տարվա վերջին եռամսյակում ծավալված իրադարձություններով ունենք այն, ինչ ունենք՝ ոչ հայանպաստ արդյունքներով պատերազմից հետո, ամեն դեպքում, իշխանությունը կարողանում է դեռ պահել իր աթոռը, իսկ ընդդիմությունն էլ շարունակում է պայքարը իշխանությանը ասպարեզից հեռացնելու համար։ Ցավալին այս իրավիճակում թերեւս այն է, որ եւ իշխանությունը եւ ընդդիմությունը գործում է նույն սխալով՝ մեկմեկու բացառելով։ Այսինքն՝ իշխանությունն իր պլանները կազմում, գործողությունները գծում է այն հաշվով, որ ժողովուրդն իր հետ է եւ ընդդիմությունը որպես այդպիսին չկա, ու չի կարող ազդեցություն ունենալ, իսկ ընդդիմությունն էլ իր հերթին գործում է այն տրամաբանությամբ, որ բոլորն են իշխանությանը համարում դավաճան։

Սխալն այն է, որ ոչ մեկը ոչ մյուսը հակառակորդ ճամբարում կանգնած մարդկանց բազմություններին հաշվի չի առնում։ Մինչդեռ իշխանությունն ունի իր համակիրները, որոնք թեեւ մեծամասնություն չեն կազմում արդեն, սակայն ամեն դեպքում գոյություն ունեն, բավականին թիվ են կազմում եւ որոշակի ազդեցություն ունեն երկրի կյանքի, քաղաքական միջավայրի ձեւավորման վրա։

Ընդդիմությունը բացառելով իշխանությանը, չի ընդունում այդպիսով իշխանության համակիրների գոյությունը, եւ չընդունելով նրանց գոյությունը, նաեւ ինչ որ տեղ, չի ընդունում նրանց իրավունքները։ Մինչդեռ հասարակության մեջ այդ շերտը կա, ովքեր գուցե եւ ամենաանկեղծ մղումներով դեռ շարունակում է հավատալ, որ Փաշինյանի թիմը որպես գործող իշխանություն, դեռ կարող է փոխել իրավիճակը, առավել եւս՝ ապահովել այն լուսավոր ու պայծառ ապագան, որը խոստանում էր 2018-ի գարնանը։

Այս շերտում գտնվող մարդիկ, եթե ավելի խորը ուսումնասիրենք, հիմնականում անկեղծ ու լավ մարդիկ են, որոնք պարզապես մոլորվել են քաղաքական լաբիրինթոսում սեփական քաղաքական ոչ բավարար գրագիտության եւ ոչ բավարար հասունության պատճառով՝ հավատալով նրան, ով ի սկզբանե եղել է ստի ու կեղծիքի արմատում։ Կարեւոր հարց է, թե իսկ ինչ է լինելու նրանց հետ։

Եվ նույն տրամաբանությամբ արդեն դիտարկենք խնդիրը հակառակ ծայրից։ Բացառելով ընդդիմության գոյությունը, իշխանությունը այդ կերպ չի ընդունում հասարակության մեծամասնությանը, որ համարում է իրենց դավաճան։ Մինչդեռ նրանք կան եւ ունեն իրավունքներ եւ ինչ է լինելու նաեւ նրանց հետ։ Սա իրականում երկուստեք ջայլամային քաղաքականություն է, որի արդյունքում տուժում է իրականում, ժողովուրդը, որի մաս են կազմում լիովին հավասար իրավունքներով, ինչպես ընդդիմության կողմնակիցները, այնպես էլ իշխանության համակիրները։ Բացի այդ, սա նաեւ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որովհետեւ հատկապես հիմա՝ հետպատերազմական ներկայիս ծանրագույն փուլում, կարող է հանգեցնել այն բանին, որ նախ չեն լուծվի այս գործելաոճով երկրի առաջ ծառացած խնդիրները եւ ի վերջո վտանգավոր է նաեւ, որովհետեւ կարող է ծնել անիշխանություն կամ երկիշխանություն։ Ամեն դեպքում, նրանք, որոնք այսօր իշխանության հակառակ ճամբարում են, ունեն տարիների կամ տասնամյակների քաղաքական կենսագրություն, կապեր, ինչը հատկապես կարեւոր է խնդիրներ լուծելու համար, իսկ ահա բավական երիտասարդ իշխանական թիմը չունի ոչ կենսագրություն, որով կարողանար վստահություն ձեւավորել իր հանդեպ, ոչ կապեր առավել եւս, այն կարգի, որ երկրի համար գլոբալ իմաստով շրջադարձ կարողանար ապահովել։