Այս անսկզբունք, ողորմելու համար, Արցախ, Սյուն...

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Հայաստանում մի «անմահ» քաղաքական գործիչ կա։Սույն գործիչը ԽՍՀՄ տարիներին եղել է ակտիվ կոմերիտական, հետագայում ՀԿԿ անդամ։ Տիրապետելով քծնանքի բարձրագույն մեթոդներին,ներկայանալով որպես մարքսիզմ-լենինիզմի նվիրյալ, նա մեծ առաջընթաց է ունեցել կուսակցական շարքերում, դառնալով գործարանի կոմկուսի քարտուղար, ՀԿԿ կենտկոմի տեսուչ, շրջկոմի քարտուղար։

1990թ․ զգալով քաղաքական փոփոխությունները, սույն գործիչը արագ կողմնորոշվեց և դարձավ ՀՀՇ համակիր։ Շարունակելով իր քծնանքի արվեստը, նա դարձավ պատգամավոր, նշանակվեց մարզպետ։ Որոշակի տարիներ, չնայած նրա անդուլ փորձերին, նրան բանի տեղ դնող չկար։ Վերջապես, նորից եկավ նրա ժամանակը։ Քծնելով նոր իշխանությանը, նա նորից դարձավ պատգամավոր։

Եվ այսօր, նախկին կոմունիստը, բարբաջում է Ռուսաստանի դեմ։ Ունենալով բազմամյա հոտառություն և քծնանքի փորձ, պարզ է, որ նա առանց համաձայնության և հրահանգի նման ելույթներ չէր ունենա։ Այս անսկզբունք, ողորմելու համար, Արցախ, Սյունիք, հայրենիք արժեքներ գոյություն չունեն, միայն անձնական բարեկեցություն, ուրիշ ոչինչ։ Այդ գործչի անունն է Վիգեն Խաչատրյան»։

Հիեշնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին,  թե սահմանին տիրող իրավիճակից հետո՞ էլ շարունակում է կարծել, որ խաղաղության դարաշրջան կբացվի հայերի ու ադրբեջանցիների միջև, ասել է․

«Այո, ես հավատում եմ։ Մեր վերջնական նպատակը պետք է լինի  խաղաղությունը՝ առանց զոհերի, տարածքների։ Ես գտնում եմ, որ հայ ազգը պետք է առաջ դնի հարեւանների հետ խաղաղ ապրելու հեռանկար,  բայց դա չի նշանակում հանձնվել հարեւաններին, դա չի նշանակում չպատերազմել, դա նշանակում է հռչակել, որ մեր նպատակը խաղաղ ապրելն է, եթե դրա համար պետք է կռվել, դա էլ կանենք»։