
«1970-ականներին ծնողներս աշխատում էին Եգիպտոսում՝ կոնսերվատորիայում։ Կահիրեում կար ուժեղ հայկական սփյուռք։ Հայրս մտերիմ ընկեր ուներ՝ քեռի Նորայրը։ Ես նրան լավ եմ հիշում, 12-13 տարեկան էի։ Եվ երբ ես ծանոթացա Էսթերի հետ, պարզվեց, որ նա նրա սանիկն է։ Հայրս արդեն չկա, քեռի Նորայրն էլ, իսկ ես ու էսթերը հանդիպեցինք։ Ճակատագիրը մեզ բերեց հանուն բարի գործերի: Նա ինձ պատմեց հիմնադրամի մասին, և անցյալ տարի մենք «Ազգերի թատրոն»-ի հետ բեմադրեցին «Դեղձանիկ» ներկայացումը։ Թատրոնը համաձայնեց գումարի մի մասը փոխանցել հիմնադրամին, և ես դարձա բարի կամքի դեսպան։
Երբ տեսա երեխաների աչքերը, խոսեցի բժիշկների և ծնողների հետ, իմ ներսում ամեն ինչ փոխվեց։ Ես ասացի Էսթերին. «Ես կօգնեմ, երբ կարող եմ և ինչով կարող եմ»: Այնպես պատահեց, որ ես շատ էի ցանկանում ներկայացումը խաղալ Երևանում։ «Ազգերի թատրոն»-ն ուրախությամբ համաձայնեց, հովանավորներն աջակցեցին: Եվ ամենակարևորը՝ որոշեցինք, որ երկու ներկայացումները, որոնք տեղի կունենան Մհեր Մկրտչյան թատրոնում՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին և 20:00-ին, կխաղանք նույն օրը: Դա հեշտ չի լինի, բայց ես դա կանեմ ուրախությամբ: Ամբողջ գումարը կուղղվի երեխաների օգնության հիմնադրամին»,- «Alpha Media Centre»-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի, բարի կամքի դեսպան, մշակութային և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Սաթի Սպիվակովան։
Մամուլի ասուլիսին մասնակցում էին նաև թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Կոշևոյը և «City of Smile» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։
Բանախոսները պատմեցին սեպտեմբերի 19-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի ունենալիք Մոսկվայի «Ազգերի թատրոն»-ի ներկայացման, ինչպես նաև Սաթի Սպիվակովայի և «City of Smile» հիմնադրամի համատեղ գործունեության մասին, որն ուղղված է ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների դեմ պայքարող երեխաներին աջակցելուն:
«Սիրո մետաֆիզիկա» ներկայացումը հիմնված է Սերգեյ Սոլովյովի սցենարի վրա և նվիրված է Իվան Տուրգենևի ու Պոլինա Վիարդոյի բարդ հարաբերություններին։ Այն կցուցադրվի երկու սեանսով՝ ժամը 18:00-ին և 20:00-ին: Տոմսերի վաճառքից հավաքված միջոցները կուղղվեն «City of Smile» հիմնադրամին:
Մանրամասն՝ տեսանյութում։