Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդե...

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան: Պատճառվել է անդառնալի նյութական վնաս:

Հանցագործությունը հոգեբանական լուրջ սթրեսի է ենթարկել Ստեփանյանի երեխաներին, որոնք քնած են եղել նրա սեփական տան այն հատվածում, որտեղ կայանված էր ավտոմեքենան: Եթե հարևանների օգնությամբ շատ արագ հրդեհը չմարվեր, ապա հանցագործության հետևանքները կարող էին ողբերգական լինել:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք Գևորգ Ստեփանյանի հանրային, քաղաքական և իր կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանզի անձնական տիրույթում Ստեփանյանի չունի թշնամիներ և որևէ կոնֆլիկտի մեջ չի գտնվում որևէ անձի հետ:

Սա «Մայր Հայաստանի» դեմ, իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ և դրսևորվել է տարբեր ձևերով՝ ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչև շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում:

Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության:

«Մայր Հայաստան» խմբակցությունը, խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործոթյունը, իրավապահներից պահանջում է շուտափույթ բացահայտել գործը: