Օրերս լրատվական կայքերում տեղեկություն էր տարածվել, թե հերթական անգամ պնևմատիկ զենքով կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ նախարարությունում ահազանգ է ստացվել Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց արձակելու դեպքի վերաբերյալ, ինչի հետևանքով ապակին փշրվել է։
«Նշված վայր է մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը, զննվել է դեպքի վայրը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Ըստ այս պահի տվյալների՝ կարող եմ ասել, որ չի հայտնաբերվել կրակված գնդակ, ուսումնասիրությամբ կրակոցի ոչ մի փաստ չի արձանագրվել»,- նշեց նա:
Նարեկ Սարգսյանը նաև նշեց, որ իրավապահները շարունակում են միջոցառումները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։



