Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը (AFP) խափանել է 1,2 տոննա հեղուկ մետամֆետամին երկիր ներկրելու փորձը՝ քողարկված շշալցված հյութի տեսքով։ Այս մասին հաղորդվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
AFP-ն ասում է, որ վերահսկվող նյութերի մաքսանենգության փորձի մեղադրանք է առաջադրվել «Քվինսլենդի երեք բնակիչների, որոնք մասնակցել են Ավստրալիա մետամֆետամին ներմուծելու փորձին»: Կանադայի ոստիկանության հետ համատեղ գործողության արդյունքում Վանկուվերից Բրիսբեն առաքվելիս առգրավվել է թմրանյութ պարունակող հյութի շշեր: «AFP-ի հետաքննությունը կենտրոնացած էր անդրազգային հանցավոր սինդիկատի վրա, որը փորձել էր մաքսանենգ ճանապարհով Ավստրալիա տեղափոխել 1280 լիտր հեղուկ մետամֆետամին, որը թաքցված էր հյութի շշերի մեջ: Թմրամիջոցների այս առաքման մոտավոր արժեքը գերազանցում է 400 միլիոն ավստրալիական դոլարը [մոտ 270 միլիոն դոլար]»,- պարզաբանել է դաշնային ոստիկանությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներին՝ 30, 35 և 43 տարեկան, մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը մասնակցելու համար։ Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը մինչև հաջորդ դատական նիստը, որը նշանակված է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին։ Նրանց առաջադրված հանցագործությունների համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։



