Ավստրալիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինը

Ավստրալիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինը, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Կանբերայում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է The Canberra Times-ը: Վարչապետը որոշումը անվանել է պատմական քայլ, որը կփոխի Պաղեստինի արտաքին քաղաքականությունը:

Ալբանեզեն ասել է, որ իր կառավարությունը կմիանա Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Կանադային՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինը ճանաչելու հարցում։

«Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի սեփական պետություն ունենալու իրավունքը՝ հիմնվելով այն պարտավորությունների վրա, որոնք Ավստրալիան ստացել է Պաղեստինյան վարչակազմից», - լրագրողներին ասել է վարչապետը։

Հրատարակության տվյալներով՝ ՄԱԿ-ի 193 անդամ պետություններից ավելի քան 140-ը արդեն ճանաչել են Պաղեստինը, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրներ Իսպանիան և Իռլանդիան։

Ինչպես գրում է The Sydney Morning Herald-ը, Ալբանեզեն նախկինում Պաղեստինի ճանաչումը ժամանակի հարց էր անվանել, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնարավոր ճանաչումը անվանել էր «պատերազմի ճանապարհ»։

Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարեց, որ իր երկիրը Պաղեստինի ճանաչումը համարում է պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու կարևոր քայլ։ Նա նշեց, որ ինքը և իր դաշնակիցները աշխատում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա։