Ավստրալիան Իսրայելին կոչ է արել չգրավել Գազա...

Ավստրալիան կոչ է արել Իսրայելին չգնալ Գազա քաղաքն օկուպացնելու ճանապարհով, քանի որ դա միայն կվատթարացնի Գազայի հատվածում մարդասիրական աղետը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին։

Դիվանագետը նշել է, որ մշտական ​​բռնի տեղահանումը միջազգային իրավունքի խախտում է։ Նա կրկնել է հրադադարի, հումանիտար օգնության անխափան հոսքի և ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թ. հոկտեմբերին գերեվարված պատանդներին վերադարձնելու կոչերը։

«Երկարատև խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը երկու պետությունների բանաձևն է՝ Պաղեստինի Պետության և Իսրայելի Պետության ստեղծումը, որոնք կողք կողքի կապրեն խաղաղության և անվտանգության մեջ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - հավելել է նա։

ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների ընտանիքները նույնպես դեմ են արտահայտվել Գազան օկուպացնելու՝ Իսրայելի պլաններին։ Ավելի վաղ նրանք ակցիա էին կազմակերպել Թել Ավիվում Նեթանյահուի գրասենյակի առջև, երբ Անվտանգության կաբինետը քննարկում էր օկուպացման ծրագրերը։

Գազայի հատվածում դեռ մնում է 251 պատանդից 50-ը, որոնցից 20-ը, հնարավոր է, ողջ են։ ՀԱՄԱՍ-ի 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով Իսրայելում նաև 1200 մարդ էր զոհվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 61 200-ը։ 197 մարդ մահացել է սովից, այդ թվում՝ 96 երեխա։

Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որը ներառում է նաև պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։