
Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին:
Դրանք են՝
- Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
- Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
- Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0.966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ավշար համայնքից հափշտակված գույքերի օգտագործումից ստացված եկամուտը կազմել է 43 միլիոն 623 հազար դրամ, իսկ համայնքի ղեկավարի բնակելի տան և հարակից շինությունների ու դրանցով ծանրաբեռնված հողատարածքների ձեռքբերման, կառուցման և գրանցման գործընթացում համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56 միլիոն 376 հազար դրամ:
Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազը 2025 թվականի մայիսի 29-ին քրեական հետապնդումներ է հարուցել Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, փողերի լվացում և իշխանական դիրքի չարաշահմամբ վատնում կատարելու համար, իսկ համայնքի նախկին ղեկավարի վարորդ Պ.Մ.-ի նկատմամբ՝ Ս.Գ.-ի վերոնշյալ գործողություններին օժանդակելու համար:
Նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառած՝ շուրջ 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 100 միլիոն դրամ վնասը:
Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է: