Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 18–ի նիստում գումար հատկացրեց տրոլեբուսների ձեռքբերման և վերլակների փոխարինման համար։
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան, ով նշեց, որ այս որոշմամբ նախատեսվում է ձեռք բերել 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներ և 104 վերելակ։ «Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավել օգտագործվող 30 «ԼԻԱԶ» տրոլեյբուսներին։ Առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար որպես կանխավճար վճարել 30%»,–ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ մրցույթն ավարտվել է, և եկել է առաջին վճարումն անելո՞ւ պահը, ապա, դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց՝ ե՞րբ են տրոլեյբուսները հասնելու Հայաստան:
Ավինյանը նախ հաստատեց՝ մրցույթը կայացել է, արդեն իսկ գնված 30 տրոլեյբուս կա, և 45 նոր տրոլեյբուսներով, որոնք Կառավարության աջակցությամբ կգնվեն, տրոլեյբուսային պարկը ամբողջությամբ կթարմացվի:
«Այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»,- հայտարարեց Ավինյանը՝ հավելելով, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և կլինեն նոր գծերի մեջ:
«Այս գնումով Երևան քաղաքի տրոլեյբուսային պարկն ամբողջապես իր կազմը փոխում է նոր տրոլեյբուսներով»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին, քանի որ սա Փաշինյանի նախաձեռնությունն է:
Ինչ վերաբերում է վերելակներին, մինչև այս տարվա վերջ 507 վերելակ է փոխվելու Երևանում: «Եվս 3 տարի այս նույն տեմպը պահպանելով, երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով՝ Երևան քաղաքում վերելակային ֆոնդը ամբողջապես վերազինում ենք, և հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»,- ասաց նա:
Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե բնակիչները համատիրությունով իրե՞նք են հետագա սպասարկումը իրականացնելու, ինչին Երևանի քաղաքապետը դրական պատասխան տվեց. «Հաշվի առնելով, որ համատիրությունների ֆինանսական միջոցները հիմնականում թույլ չեն տալիս նմանատիպ վերազինում անել, Երևանի քաղաքապետարանը նաև կառավարության աջակցությամբ այս ծրագիրը իրականացնում է, հետագայում հանձնելով ամբողջ վերելակը իր սպասարկումը, իրավատիրոջը, մասնավորապես համատիրությանը։ Արդեն նոր վերելակի սպասարկումը դրվում է համատիրության վրա»։



