Քննչական կոմիտեն հաղորդում է ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով, այս պահին իրականացվում է քննություն, պարզվում են հանգամանքները։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 195 հոդվածը վերաբերում է ֆիզիկական ներգործությանը։ Հոդվածի առաջին մասը սահմանում է.
«Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»։
Ավելի վաղ mediahub-ը գրել էր, որ այսօր առավոտյան վիճաբանություն է ծագել Երևանի ՋԷԿ-ի նորանշանակ փոխտնօրեն Սարգիս Հովհաննիսյանի և ՋԷԿ-ի անվտանգության պետ Արթուր Պահլավունու միջև, որը հետո վերածվել է ծեծկռտուքի։