Ավիաընկերությունները նախապատրաստվում են վառել...

Համաշխարհային ավիաընկերությունները մշակում են արտակարգ իրավիճակների պլաններ՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության պատճառով ավիացիոն վառելիքի մատակարարման խափանումների մտավախությունների պատճառով: Այս մասին հաղորդել է Financial Times-ը (FT), որը նշել է, որ ավիափոխադրողները դեռեւս չեն կարող երաշխավորել, որ ապրիլից հետո կկարողանան բավարար քանակությամբ լիցքավորել իրենց ինքնաթիռները։

«Մենք ներկայում մշակում ենք սցենարներ, թե ինչպես ենք կառավարելու վառելիքի պակասը»,- պարբերականին ասել է Air France-KLM հոլդինգի գործադիր տնօրեն Բեն Սմիթը: Նա բացատրել է, որ տարբերակներից մեկն ասիական ուղղություններով չվերթների կրճատումն է: «Հարավարեւելյան Ասիան շատ ավելի կախված է Պարսից ծոցի վառելիքից, քան Եվրոպան: Մենք կարող ենք վառելիք ձեռք բերել Եվրոպայից թռչելու համար, բայց երբ թռչենք Հարավային Ասիայի որեւէ քաղաք, չենք կարողանա վերադարձնել ինքնաթիռը»,- նշել է նա:

EasyJet ավիաընկերության գործադիր տնօրեն Քենթոն Ջարվիսն իր հերթին հայտնել է, որ վառելիքի մատակարարները չեն կարող հստակ պատկերացում տալ ավիացիոն վառելիքի մատչելիության մասին հաջորդ ամսվա վերջին. նրանք երաշխավորում են մատակարարման կայունությունը միայն հաջորդ երեք շաբաթվա ընթացքում: «Սակայն ոչ ոք իրականում չի ասում, որ վեց շաբաթից խնդիրներ չեն ունենա, քանի որ նրանք պատրաստ չեն դա ասել»,- ափսոսանքով նշել է Ջարվիսը։

Թերթի տեղեկացմամբ՝ մի շարք թրեյդերներ ընդունում են, որ հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ներկայիս փակումը, որը կապում է Պարսից ծոցը Օմանի ծոցի եւ ավելի հեռու՝ Հնդկական օվկիանոսի հետ, աշխարհի որոշ մասերում ավիացիոն վառելիքի պակասն անխուսափելի կլինի: Նրանք նաեւ սպասում են նավերի վառելիքի եւ հեղուկացված բնական գազի պակաս:

Financial Times-ը մեջբերել է Հնդկաստանի Բանգալոր միջազգային օդանավակայանի մենեջեր Հարի Մարարի խոսքերը, որն ասել է, որ օդանավակայանն ունի մոտավորապես 25 օրվա վառելիքի պաշար։ Սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպայի եւ Ավստրալիայի ավիափոխադրողները ամենաշատը կտուժեն ներկայիս ճգնաժամից՝ սահմանափակ նավթավերամշակման հզորությունների պատճառով։ Ինչպես նշվել է հոդվածում, Եվրոպայի ավիացիոն վառելիքի մոտ 40 տոկոսը անցնում Հորմուզի նեղուցով, մինչդեռ Ավստրալիան մեծապես կախված է Չինաստանի եւ Սինգապուրի վերամշակման գործարաններից։