Աշոցք և Ամասիա համայնքներում նոյեմբերի 29-ին...

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա համայնքներում նոյեմբերի 29-ին կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ:  Ընտրությունների համար երկու համայնքում միասին կգործի 45 ընտրատեղամաս:

Ընտրությունները համակարգող թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսյա Կիրակոսյանը «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրել է, որ համայնքներում ավարտվել է քաղաքական ուժերի առաջադրման փուլը։

Աշոցք համայնքում ընտրապայքարին մասնակցելու հայտ է ներկայացրել մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կուսակցության 45 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Կարեն Մանուկյանը։

Ամասիա համայնքում ընտրապայքարը կծավալվի երկու քաղաքական ուժի միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 45 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Ջեմմա Հարությունյանը, ով 2021 թվականի ընտրություններին մասնակցել էր «Արփի Ամասիա» դաշինքի կազմում։  Մյուս ուժը «Բարոյական արժեքներ» կուսակցությունն է, որի 36 հոգանոց ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Ղարիբյանը։

Երկու համայնքում էլ ընտրվելու է ավագանու 15  անդամ: