Աշնան սկզբին, Երևանում անձրև է գալիս՝ ճգնաժամ...

Ձեզ մասնագիտական հարցեր են տալիս, դուք հուզական ֆոնի հետևում եք թաքնվում, փորձում ձևացնել, որ թիրախավորվել է Ձեր միջին մասնագիտական կրթությունը, մինչդեռ որևէ մեկը ոչ միայն չի թիրախավորել կամ արժեզրկել, հակառակը, շատ կարևորել է միջին մասնագիտական կրթությունը, խնդիրն այլ բանի մասին է: Դուք, որպես ոլորտի կարևորագույն խնդիր, նշում եք, որ բժիշկը չի նայում պացիենտի աչքերին։ Հայաստանում առողջապահության լրջագույն խնդիրներից մեկը դա՞ է: Դա Ձեր պատկերացումն է, ու ամբողջ խնդիրը դա է: Այս մասին ասաց է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի ելույթին: 

Հունանյանն իր ելույթում նշել էր իրեն ուղղված քննադատությունների մասին, որոնք, ըստ նրա, միջին մասնագիտական կրթության պատճառով են, հավելել էր, որ հոգատարություն, սեր, հարգանք է թաքնված իր «փոքրիկ կենսագրության հետևում»:

Հայտարարությանն ի պատասխան Վարդանյանը նշեց. «Ամբիոնի մոտ ինձ ստիպել եք մոտենալ բացառապես դուք, ձեր հայտարարությունները: Գիտեք չէ՞ այդ հայտնի արտահայտությունը, որ ասում է՝ եթե ուզում ես քանդել պետությունը, կարևոր պաշտոնների կամ դերակատարությունների նշանակիր մարդկանց, ովքեր կապ չունեն դրա հետ և կոմպետենտ չեն։ Հիմա այն, ինչ տեղի է ունենում այսօր, լավագույնս ցույց է տալիս այս քաղաքականությունը»։ 

Նա մատնանշեց  պետական կառավարման օղակում գտնվող պաշտոնյանների օրինակները:

«Առողջապահության նախարարը իրավաբան է, պաշտպանության նախարարը՝ պատմության ուսուցիչ, արտաքին գործերի նախարարը՝ անհայտ է ինչ կապ ունի դիվանագիտության հետ: Դուք մեր դիվանագիտական բլոկին տեսե՞լ եք: Այն, որ այս իշխող ուժի ամենավառ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էր դեսպանները պետք է դիվանագետներ լինեն պրոֆեսիոնալ, հիմա մեր դիվանագետներին տեսե՞լ եք: Լիլիթ Մակունցն ի՞նչ կապ ուներ դիվանագիտության հետ, դրանից հետո սոցապնախարարը ի՞նչ կապ ունի, ՄԻՊ-ը որ հետո պարզվեց արտաքին հետախուզական ծառայության պետն է»,-մանրամասնեց Քրիստինե Վարդանյանը:

Պատգամավորը կոչ է արել իշխանություններին դիտարկել առաջնային խնդիրները, ապա նոր մտածել ճոպանուղի կամ Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին:

«Աշնան սկզբին Երևանում անձրև է գալիս, ճգնաժամ է, կատաստրոֆա է լինում, այդ ջրերեղները, խցանումները 10 բալանոց, ջրահեռացման համակարգերն էլ չեմ ասում:  Լուսացույցները ինչի՞ չեն աշխատում, այն նույն օրը երբ որ դուք հայտարարում եք մետրոյի նոր կայարանի ստեղծման և ճոպանուղի ստեղծելու մասին։ Կլինի՞ այս տարրական հարցերը լուծեք, հետո ճոպանուղի ստեղծեք, հետո Չորրորդ Հանրապետություն ստեղծեք: Այն հեռուստացույցների գործարանից ի՞նչ կա»:

Վարդանյանը նշեց, որ հաճախ են իրենց հարցնում՝ որն է այլընտրանքը: Այլընտրանքն, ըստ պատգամավորի, սկսվում է «Արարատ Միրզոյան արտաքին գործերի նախարար չունենալուց, Սուրեն Պապիկյան պաշտպանության նախարար չունենալուց, սկսվում է հիմա մասնագետներ ներգրավելուց ու այդ մասնագիտական կարողությունները համապատասխան ոլորտում ներդնելուց»։