Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազե...

Աշխարհում ծնելիության ընդհանուր տեմպերը նվազել են մինչև աննախադեպ մակարդակ, մոլորակի միլիոնավոր բնակիչներ չեն կարողանում երեխաներ ունենալ տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) զեկույցում:

Կազմակերպության մասնագետները երեխաներ ունենալու ծրագրերի վերաբերյալ հետազոտություն են կատարել 14 երկրի 14 000 մարդկանց շրջանում։ Այդ երկրներին (ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ինդոնեզիա, Մեքսիկա, Գերմանիա և այլն) բաժին է ընկնում աշխարհի բնակչության մեկ երրորդը: Հետազոտությունն ընդգրկել է ցածր, միջին և բարձր մակարդակի եկամուտ ունեցող մարդկանց: Հարցմանը մասնակցել են ինչպես երիտասարդներ, այնպես էլ ոչ վերարտադրողական տարիքի մարդիկ: 

Հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդը նշել է, որ չի կարող ունենալ ցանկալի թվով երեխաներ: Որպես երեխա ունենալուց հրաժարվելու և շատ երեխաներ չունենալու հիմնական պատճառ հարցվածները նշել են ֆինանսական դժվարությունները և ապրուստի բարձր արժեքը: 

Այլ պատճառներից են կանանց համար երեխաների  խնամքի և աշխատանքի համատեղման դժվարությունները, անարդյունավետ ժողովրդագրական քաղաքականությունը, առողջության խնդիրները և քաղաքական անկայունությունը:

«Աշխարհը թևակոխել է ծնելիության աննախադեպ անկման փուլ։ Հարցվածներից շատերը ցանկանում են երկու կամ ավելի երեխաներ։ Ծնելիության գործակիցները կրճատվում են հիմնականում այն պատճառով, որ շատերը զգում են, որ չեն կարող ստեղծել իրենց ցանկացած ընտանիքը, և դա իրոք ճգնաժամ է», - մեջբերում է BBC-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի խոսքերը:

Աշխարհում  բնակչության աճի հեռանկարների մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցում ասվում է, որ հաջորդ 90 տարիների ընթացքում աշխարհի բնակչությունը կաճի 3,1 միլիարդով, ինչից հետո կհետևի աստիճանական կրճատումը: Նշվում է, որ աշխարհի բնակչության աճը կապված կլինի Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի և Լատինական Ամերիկայի երկրներում բարձր ծնելիության հետ: Հակառակ միտումն է նկատվում Եվրոպայում և Ճապոնիայում, որտեղ մինչև 2050 թվականը սպասվում է բնակչության նվազում: