Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին «հիմար» է անվանել։
«Օլաֆը հիմար է»,- գրել է նա գերմաներեն X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:
Forbes-ի, Bloomberg-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդն այսպես է արձագանքել այն հաղորդագրությանը, որ Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվել է և «խոսվում է արտահերթ ընտրությունների մասին»։
Նոյեմբերի 7-ին Գերմանիայի ֆինանսների նախարար և Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները պաշտոնապես հրաժարական է ներկայացրել, ինչը նշանավորել է իշխող կոալիցիայի փլուզումը, գրում է РБК-ն։
Գերմանիան այժմ կառավարվում է փոքրամասնության կառավարության կողմից, որը կազմված է սոցիալ-դեմոկրատների և կանաչների ներկայացուցիչներից:
Տարաձայնությունների պատճառով իշխող կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ 2025 թվականի երկրի բյուջեի շուրջ։ Լինդները Շոլցին մեղադրել է կոալիցիան միտումնավոր ցրելու համար։
Նշենք, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ պատրաստ է Բունդեսթագը լուծարել և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, եթե պատգամավորներն անվստահություն հայտնեն երկրի կանցլեր Օլաֆ Շոլցին։