
Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը՝ իշխանությունից հեռացված և Ռուսաստան մեկնած նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու մասին։ Այս խնդրանքը ռուսական իշխանություններին է փոխանցվել հունվարին: Այս մասին ապրիլի 23-ին The New York Times-ին (NYT) տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ժամանակավոր նախագահ և ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան:
Չնայած մերժմանը, սիրիական նոր վարչակազմը մտադիր չէ հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, և «սիրիական իշխանությունները, կարծես, բաց են Կրեմլի հետ բանակցությունների համար», գրում է պարբերականը։
«Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է: Սիրիայի զենքն ամբողջովին ռուսական է: Եվ կան բազմաթիվ համաձայնագրեր պարենամթերքի և էներգիայի մատակարարումների վերաբերյալ, որոնց վրա Սիրիան հենվում է արդեն երկար տարիներ», - հայտարարել է աշ Շարաան՝ ընդգծելով, որ իր կառավարությունը «հաշվի է առնում սիրիական այս շահերը»:
Սիրիայում ավերիչ քաղաքացիական պատերազմի ժամանակ Մոսկվան ինքնաթիռներ, նավեր, զորք և ռազմական խորհրդականների է ուղարկել՝ աջակցելու Ասադին, հիշեցնում է NYT-ն։
«Մինչև այժմ մենք ուրիշ երկրներից առաջարկներ չենք ստացել սիրիական զենքը փոխարինելու մասին, որը հիմնականում արտադրվում է Ռուսաստանում», - հավելել է աշ-Շարաան՝ նկատի ունենալով, որ իր երկիրը կարող է կրկին Ռուսաստանի աջակցության կարիքն ունենալ։
Ավելի վաղ The Washington Post-ին տված հարցազրույցում Սիրիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Դամասկոսը պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Տարտուսում և Հմեյմիմում, եթե ձեռք բերվի այնպիսի համաձայնագիր, որը կբխի սիրիական շահերից։