
Ես երբեք չեմ հասկացել, թե ինչու 36 տարեկանին չի կարելի ոստիկանությունում ծառայության մտնել։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:
«Արդեն յոթ տարի ես այդ մասին մտածում եմ ու քննարկում ենք, էս որոշումը ինչի՞ է այսքան ձգվում։
Պարեկային ոստիկանության հիմնադրման ընթացքում, մանավանդ, չգիտեմ ինչի կանանց դեպքում այդ հարցը, նաև հասակի, բոյի խնդիրը առաջացավ: Հիմա դա հանել ենք, հույս ունեմ: Մենք եկանք, ասեցինք՝ գիտեք ինչ, եթե դուք այսքան հասակ ունեք, ձեզ կարող ենք պարեկային ոստիկանությունում աշխատանքի ընդունել, եթե այս հասակից ցածր է, մենք չենք ընդունում։ Ես այստեղ շատ մեծ դիսոնանս եմ տեսնում, որը մեր ինստիտուցիոնալ պրոբլեմը բացահայտում է: Էդ մարդը ծնվել է այդքան, էդ մարդը չի կարող այնպես անել, որ իր բոյը 1.35-ից կամ 1.40-ից դառնա 1.57:
Բայց մյուս կողմից, եթե, օրինակ, մենք տեսնում ենք զինվորական ծառայության մեջ գտնվող մարդիկ, որոնց քաշի ստանդարտները անգամներով գերազանցում են, մենք իրեն բան չենք ասում:
Բնությունը իրեն այդպես է ստեղծել, բոյը 1.49 է, ասում ենք՝ քեզ չենք ընդունում աշխատանքի, բայց որ մարդու բոյը 1.53 է, իսկ քաշը 177 կգ, մենք իրեն բան չենք ասում»,-ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ ինքն էլ ավելարորդ քաշից տառապում է:
«Բոյը մարդու կոնտրոլից դուրս է, մենք ասում ենք՝ քեզ չենք ընդունում, իսկ երբ մարդը կարող է իր քաշի հետ կապված աշխատել իր վրա, ասում ենք՝ հա ոչինչ, նորմալ է: Սա ֆունդամենտալ բան է, մեր մտածողության ձևերի դեֆորմացիաների մասին է խոսում:
Ես չգիտեմ, եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք: Ենթադրենք 130 սմ է բոյը, ի՞նչ անի: Գնա ոստիկանություն, ասեն՝ դե բոյդ կարճ ա, գնա դպրոց՝ ասեն բոյդ կարճ ա, ուր գնա, ասեն՝ բոյդ կարճ է, բա ի՞նչ անի այդ մարդը լավ։
Մարդուն չենք հարցնում՝ այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունես, թե չունես: Պրոբլեմն այն է, որ յոթ տարի է մենք սրա մասին մտածում ենք ու ու երբեմն վախենում ենք բարձրաձայնենք:
Ես շատ ուրախ եմ, էնքան ուրախ եմ, չեք պատկերացնի, նույնիսկ չեմ հավատում, որ սա հնարավոր է: Թվում է, թե պարզ բան է, որ մենք ասել ենք, լավ, եթե մարդը 57 տարեկան է, ֆիզիկական վիճակը նորմալ է, աշխատանքային վիճակը նորմալ է, այսինքն, այո, ինքը կարող է գնա համայնքային ոստիկանությունում աշխատի կամ ցանկացած տեղ, բոյը ի՞նչ կապ ունի, կարևոր է ինքը ինչքան է վազում, ինչքան է դիպուկ կրակում, ի՞նչ IQ ունի, ի՞նչ գրագիտություն ունի, ի՞նչ բարեվարքություն ունի, հասկանու՞մ եք, որը մարդուց է կախված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: