«Արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողում». Իսրայել...

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր, հայտնում է Times of Israel-ը:

Կացը բողոքել է, որ Գուտերեշը «հավուր պատշաճի» չի դատապարտել Իրանի երեկվա հրթիռային հարձակումը:

«Գուտերեշի քաղաքականությունը պատերազմի ամբողջ ընթացքում աջակցելն է ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի և հութիների ահաբեկիչներին, բռնաբարողներին և մարդասպանների, իսկ հիմա էլ համաշխարհային ահաբեկչության մայր նավին՝ Իրանին Որևէ մեկը, ով միանշանակ չի դատապարտում Իրանի նողկալի հարձակումն Իսրայելի վրա, արժանի չէ ոտք դնել Իսրայելի հողին», - ասել է ԱԳ նախարարը:

Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:

«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:

«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: