ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ, իսկ Արուսյակ Ջուլհակյանը՝ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի փախստական եւ միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունը։
«ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը մասնակցել է Փարիզում կայացած ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին: Նա ընտրվել է Երիտասարդության եւ ապագայի հասարակության հարցերի ենթահանձնաժողովի փոխնախագահ:
Պատգամավորը կպատրաստի զեկույց «Երիտասարդության դերը ժողովրդավարության վերակենդանացման հարցում» թեմայով, որը կներկայացվի վեհաժողովի լիագումար նիստում:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի փախստական եւ միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերի ենթահանձնաժողովի նախագահ»,-նշված է հաղորդագրության մեջ։



