Արթուր Մարտիրոսյանը Դուշանբեում մասնակցում է...

Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում  հոկտեմբերի 30-31-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են նաև Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցում է նաև  ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթում ներկայացրել է ՀՀ-ում երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքները և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գործընկերներին Միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թթ. ռազմավարության 2023-2024 թթ. գործողությունների պլանի շրջանակում սերտ համագործակցության և աջակցության համար։

Նա անդրադարձել է երիտասարդության քաղաքականության հիմնական ուղղություններին՝ շեշտելով, որ մշակվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունումն ու լիազորությունների սահմանումը,  ոլորտում առավել արդյունավետ ու նպատակային աշխատանքների իրականացումը:

Անդրադառնալով 2023–2024 թթ. գործողությունների ծրագրին՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ի կողմից միջոցառումների կատարման արդյունքները։ Այս համատեքստում նա անդրադարձել է erit.am երիտասարդական պորտալի զարգացմանը, որտեղ ամբողջացված են տեղական և միջազգային երիտասարդական ծրագրերը, միջազգային երիտասարդական քաղաքականությանը վերաբերող փաստաթղթեր, հետազոտություններ և այլն։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է  «2024 թվականը՝ ԱՊՀ կամավորական տարի» հռչակվելու կապակցությամբ ՀՀ-ում նախատեսված միջոցառումները, այդ թվում նաև ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ ստեղծվող 8 մասից բաղկացած «Կամավորը» ֆիլմաշարը, որոնցից 2-ը նվիրված են լինելու ԱՊՀ մասնակից պետություններում գործող կամավորական կազմակերպություններին և նախաձեռնություններին։ Արթուր Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝  բոլոր 8 ֆիլմերը ունենալու են ռուսերեն ենթագրեր և տարածվելու են ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական հարթակներով։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև երիտասարդների ֆինանսական գրագիտության բարելավմանն ուղղված միջոցառումները, ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիրը, որին մասնակցություն են ունենալու նաև ԱՊՀ մասնակից պետություններից 30 երիտասարդներ։

Նիստում ներկայացրել  են նաև մեդիա, կիբեռ և թվային գրագիտության բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումները՝ շեշտադրելով ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացրած ծրագրերը, որոնք կազմակերպվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների համար։

Նիստում քննարկվել են նաև Միջազգային երիտասարդական համագործակցության 2021-2030 թթ. ռազմավարության 2025-2026 թթ. միջոցառումների պլանում ընդգրկված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։            

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը և երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական կազմակերպությունների ֆորումին, որի ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ֆորումի մասնակիցներին և նշել, որ  տարիներ հետո ֆորումի մասնակից երիտասարդներից շատերն իրենց կարողությունների,  պոտենցիալ հնարավորությունների համատեքստում  մեծ դերակատարում և ներդրում կունենան հասարակության զարգացման և առաջխաղացման գործում: Նա կարևորել է նաև  ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների միջև միջմշակութային համագործակցության  կապերի խորացումը, որի շնորհիվ տարիներ հետո կձևավորվի նոր օրակարգ՝ միտված փոխգործակցությանն ու ընդհանուր նպատակների իրականացմանը:

Տաջիկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է նաև Տուրսունզադե քաղաք, որտեղ տեղադրված է ԱՊՀ երիտասարդների միասնության խորհրդանիշ «Ժամանակի պարկուճը»։ Տեղի են ունեցել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ Տաջիկստանի երիտասարդական ենթակառուցվածքներ։