Որքան էլ քննադատաբար վերաբերվենք գործող իշխանություններին, չենք կարող չնկատել, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում նրանք օպերատիվ և թիրախային կապ ստեղծեցին միջազգային գործընկերների հետ։
Նախ, Ադրբեջանի գործողությունները քննակման առարկա դարձան ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որի ժամանակ անդամ շատ պետություններ հանդես եկան պրոհայկական դիրքորոշումներով։ ՄԱԿ-ի ԱԽ նիստը օգտակար է ոչ միայն այս օրերի գործողությունները կանգնեցնելու համար, այլև ապագա զարգացումների տեսանկյունից։ Աշխարհը ևս մեկ անգամ լսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական խնդրի մասին, Հայաստանի ներկայացուցչի ելույթը կարևոր տեղեկությունների փոխանցում էր միջազգային գործընկերներին, ինչպես նաև ՄԱԿ-ի բարձր ամբիոնից խոսվեց Նախիջևանից հնարավոր նոր հարձակման մասին, որը կարծում են առնվազն ինչ որ ժամանակ զսպելու է Ադրբեջանին։
Այս անգամ իշխանությունները կարողացան համարձակություն ունենալ և թափանցիկ աշխատել ՀԱՊԿ-ի հետ, որը բերեց Հայաստանի սահմանների հարցով հատուկ նիստի։ Կառույցն իհարկե ելնելով իր անդամների մեծ մասի (Ղազախստան, Բելառուս, Տաջիկստան, Ղրղզստան) պրոթուրքական դիրքավորումից համարժեք գործողություններ չարեց, բայց անգամ իրենց կիսագործունեությունը Հայաստանը հետագայում կարող է օգտագործել անդամ պետությունների հետ որոշակի հարցերի պարզաբանման համար։ Հայաստանի իշխանությունները կարողացան նաև հասնել նրան, որ մի շարք երկրներից հասցեական մեղադրանքներ հնչեցին Ադրբեջանի հասցեին։ Այս ցանկում պետք է առանձնացնել հատկապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Հ․Գ․ Արտաքին ճակատում իշխանությունների գրագետ աշխատանքը, սակայն նոր հարցեր է առաջ բերում, եթե կարող էին այսպես աշխատել, ապա ինչու դա չէին անում 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իսկ եթե աշխատում էին, ապա ինչու՞ միջազգային խաղացողները՝ հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այսպես խիստ հայտարարություններով հանդես չէին գալիս։



