Իրանը սպառնացել է էսկալացիայով և հարվածներով,...

Իրանը կուժեղացնի լարվածությունը Հորմուզի նեղուցում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև կանցնի հարձակման, եթե Միացյալ Նահանգները մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջությամբ չկատարի ժամանակավոր խաղաղության համաձայնագիրը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Եթե ԱՄՆ-ը չհասնի այս ժամկետին, և դիվանագիտությունը ձախողվի, Թեհրանը կանցկացնի «ժամանակին և ճշգրիտ» ռազմական հարձակողական գործողություն՝ Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակումը ճեղքելու համար, հավելել է պաշտոնյան։

Վերջին շաբաթներին Թեհրանին և Վաշինգտոնին հունիսյան համաձայնագրի շրջանակում բանակցությունների վերադարձնելու դիվանագիտական ջանքերը փակուղի են մտել։

«Իրանի սահմանած մի քանի շաբաթ տևող կարճ ժամանակահատվածում համաձայնագրի բոլոր դրույթները ԱՄՆ-ը պետք է կատարի։ Սա նախապայման է ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների համար»,- Reuters-ին ասել է պաշտոնյան։

Միջնորդները Թեհրանի սահմանած վերջնաժամկետի մանրամասները կփոխանցեն Վաշինգտոնին և տարածաշրջանի պետություններին, հավելել է պաշտոնյան։

«Իրանական կառույցները պետք է պատրաստ լինեն լարվածության էսկալացիային Հորմուզի նեղուցում և ավելի լայն տարածաշրջանում, քանի որ Իրանը պատրաստ կլինի որոշումներ ընդունել և քայլեր ձեռնարկել բարդ հարցերի շուրջ»,- ասել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Թեհրանը պաշտպանական քաղաքականությունից անցնում է հարձակողականի, քանի որ կորցնում է հավատը Վաշինգտոնի հետ դիվանագիտության արդյունավետության նկատմամբ։

«Ապացուցված փաստ է, որ ԱՄՆ-ը լրջորեն չի վերաբերվում հրադադարին և չի ցանկանում որևէ պարտավորություն ստանձնել, ուստի թշնամու վրա ճնշում գործադրել կամ միջնորդների վրա հույս դնել՝ մշտական հրադադարի հասնելու ակնկալիքով, իրատեսական չէ»,- ընդգծել է պաշտոնյան։