
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Կողմերը խոսել են երկու երկրների ոլորտային առաջնահերթությունների ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարելավման կարևորությունը։
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ ոլորտային համագործակցությունը ևս կնպաստի դրան։
Հանդիպման ավարտին կողմերը փորձի փոխանակման և համագործակցության զարգացման պատրաստակամություն են հայտնել։