Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել զերծ մնալ Մերձավոր Արևելքում քաղաքացիական անձանց և առողջապահական հաստատություններին հասցվող հարվածներից։
ԱՀԿ ներկայացուցիչ Հանան Բալխին X-ում արած գրառման մեջ նշել է․«Քաղաքացիական անձանց և առողջապահության պաշտպանությունը պետք է լինի բացարձակ։ Բոլոր կողմերը պետք է… ապահովեն բժշկական հաստատությունների պաշտպանությունը»։
Ավելի վաղ հայտարարություն էր արել նաև ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ անդրադառնալով իրանական ԶԼՄ-ների տեղեկությանն այն մասին, որ թիրախավորվել է Թեհրանի Գանդի հիվանդանոցը։ «Խիստ մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ Իրանի մայրաքաղաքի այսօրվա ռմբակոծության ժամանակ վնասվել է Թեհրանի Գանդիի հիվանդանոցը։
ԱՀԿ-ն աշխատում է ճշտել կատարվածը։ Սակայն սա հիշեցում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր ջանքերը՝ կանխելու առողջապահական հաստատությունների ներքաշումը ընթացող հակամարտության մեջ։ Առողջապահական հաստատությունները պաշտպանված են միջազգային մարդասիրական իրավունքով։ Առողջապահությունը թիրախ չէ»,- գրել է նա X-ում։



