«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և արհեստականորեն բարձր գները տարիներ շարունակ ծանր ֆինանսական բեռ են դառնում հազարավոր ընտանիքների համար, որոնք ստիպված են կանգնել կենսական երկընտրանքի առաջ՝ գնել դեղորայք, թե սննդամթերք։
Այս հրատապ խնդրի հանգուցալուծմանն ուղղված քայլերի շրջանակում Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախաձեռնություն, որի հեղինակը «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է։ Օրենսդրական այս նոր նախաձեռնության հիմքում ընկած է ԵՄ-ում գրանցված դեղերի համար Հայաստանում պարզեցված գրանցման մեխանիզմների ներդրումը, ինչը թույլ կտա դեղերի արժեքը նվազեցնել առնվազն 20 տոկոսով և վերացնել բյուրոկրատական այն խոչընդոտները, որոնց պատճառով հարյուրավոր որակյալ դեղեր պարզապես չեն գրանցվում երկրում։
Խնդրի խորությունը պարզ է դառնում հարևան Վրաստանի հետ գների կոպիտ համեմատականներից։ Շաքարային դիաբետի «Մետֆորմինը» Վրաստանում արժե 920 դրամ (կամ «Մետֆորմին Դենկը»՝ 1590 դրամ), իսկ Հայաստանում՝ 1700-4260 դրամ։ «Ռոզուլիպը» Վրաստանում 2800 դրամ է, մեզ մոտ՝ 5600 դրամ։ «Ամոքսիկլավը» Վրաստանում արժե 2400 դրամ, իսկ Հայաստանում՝ 4100 դրամ։ «Օմեպրազոլի» միջին գինը հարևան երկրում 1141 դրամ է, այն դեպքում, երբ մեզ մոտ այն հասնում է 5360 դրամի։
Այս իրավիճակը շտկելու նպատակով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրեն Պետրա Դյորի հետ՝ քննարկելով գների նվազեցման և ավելի քան 1,3-1,8 միլիոն հայաստանցու համար հարյուր հազարավոր դրամներ խնայելու հնարավորությունները, այնուհետև նույն հարցերը քննարկվել են նաև Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։
Այս նախաձեռնությանն ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդես է եկել հրապարակային տեսաուղերձով՝ փորձելով արդարացնել գործող համակարգը և կասկածի տակ դնել փոփոխությունների անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում որպես հիմնական հակափաստարկ վկայակոչում է 2018 թվականից հետո առողջապահական բյուջեի աճը»։



