Առողջապահության համակարգը նման չձևավորված լիդ...

Այսօր առավոտյան ուրոլոգ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Առավոտից բուժկենտրոնների, մասնավորապես պետական ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների տնօրեննրը ահազանգում են, որ նախարարի մերձավոր շրջապատից ստանում են զանգեր և սպառնալիքներ, որ եթե ֆեյսբուքում ու մամուլում հանդես չգան նախարարին գովերգող հայտարարություններով, ապա կկորցնեն «նախարարի բարյացակամ վերաբերմունքը», ինչ նշանակում է, որ տեղի կունենան «ստուգումներ» և պետական միջոցների վերաբաշխում` ֆինանսավորումը կնվազի»:

«Ասեմ ավելին՝ եթե մտնենք բուժկենտրոնների պաշտոնական էջեր, կտեսնեք, որ երեկվանից հայտնվում են հայտարարություններ: Ինչի՞ց դրդված հենց երեկվանից սկսեցին հայտարարություններ տարածել, զուգադիպությու՞ն էր: Այսօր առավոտից էլ մասնավոր բուժկենտրոնների տնօրենները, որոնք մեծաքանակ պետպատվերներ են ստանում, սկսել են գովերգել նախարարին»,-Politik.am-ի հետ զրույցում մանրամասնում է Գրիգորյանը:

Վերջինս նշում է, որ բուժկենտրոնների ղեկավարները չեն ներկայանում, քանի որ պատժամիջոցները կկիրառվեն: «Իսկ Առողջապահության նախարարության ղեկավարությունը վարչական լծակն անխնա կերպով կիրառում է: Մարդիկ վախենում են, որովհետև ընտանիք պահելու խնդիր ունեն: Խնդիրն այն է, որ եթե մենք հանդուրժում ենք այս ամենը, այն շարունակական բնույթ կկրի: Ինքս իմ օրինակով ցույց եմ տալիս, որ չպետք է վախենալ, և նույնիսկ եթե հիմա իմ հանդեպ հետապնդումներ սկսեն, ես պատրաստ եմ այդ ամենին»:

Անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ երեկ ասուլիսից հեռանալուն՝ Գրիգորյանն ասում է.

«Եթե մարդը նախարար է, իր հրավիրած ասուլիսն է, ու եթե նույնիսկ ամենաէմոցիոնալ մարդն է իրեն  հարց տալիս, նա իրավունք չունի փախչելու: Դա փախուստ էր, եթե ավելի լուրջ հարց լինի, ավելի լուրջ փախուստ է լինելու: Համակարգը նման չձևավորված լիդերի կարիք չունի»: 

Անդրադառնալով մեր հարցին, թե Թորոսյանը նշում է, որ իր դեմ արշավ է սկսվել, և տարատեսակ մանիպուլյացիաներ են կիրառվում, մեր զրուցակիցն ասում է.

«Եթե դիտարկենք, որ ամենը կարող է մանիպուլյացիա լինել, ապա պետք է հիշենք, որ Արսեն Թորոսյանի գործունեության քաղաքական պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, և եթե քաղաքական խնդիրներ են ծագում, ապա հարցը պետք է լուծվի այդ մակարդակով: Ինքս ապաքաղաքական եմ, հանդես եմ գալիս միայն մասնագիտական հարթակից և միայն ոլորտի բարեկեցութայն նպատակով: Խնդիրն այն է, որ եթե ուզում են հարցին քաղաքական ելևէջ տալ, պետք է նաև պատրաստ լինեն քաղաքական պատասխանատվություն կրել»: