Առողջապահության ապահովագրությունը վեր է հանել...

ԱԺ նստաշրջանում քննարկվում է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին եւ կից նախագծերի փաթեթը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․

«Ես նորից պիտի շեշտադրեմ, որ ապահովագրությունը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բայց չի ծածկելու բոլոր քաղաքացիների եւ ամեն անհատի ողջ առողջապահական կարիքները, այլ ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների, հիվանդությունների մեղմմանը, դրանց առողջապահական ամենալավ արդյունքների ապահովմանը»։

Ըստ նրա՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին միավորում են մեկ ապահովագրական զամբյուղի մեջ, որպեսզի հավասարակշռեն բոլոր քաղաքացիների առողջական, ֆինանսական ռիսկերը։ «Դրա արդյունքում կարող ենք ստանալ շատ ավելի հավասարակշռված փաթեթ այն արժեքով, որն այլ պարագայում դժվար էր լինելու ապահովել։ Սա հիմնական սկզբունքներից մեկն է, այսինքն՝ ստեղծվում է բազային պետական ապահովագրական փաթեթ, որը նույնական է լինելու բնակչության բոլոր խմբերի, անհատների համար՝ մեկ միասնական պետական ապահովագրական հիմնադրամ։ Բայց նաեւ այս օրենքը հստակ կարգավորում է, որ այս բազային փաթեթից դուրս ծառայություններ ստանալու համար, ինչպես նաեւ հավելյալ կոմֆորտային պայմաններ ծառայություններ ստանալու համար մեր երկրում շարունակելու է գործել մասնավոր ապահովագրման մեխանիզմները»,- նշեց նա։