Այո՛, Հայաստանին և Հայաստանի բնակչությանը պետք է լավ տրամաբանված առողջապահական ապահովագրական համակարգ, բայց այս նախագիծը դա չէ ու ինչի՞ դա չէ։ Եկեք հասկանանք. իմ գործընկերները բազմաթիվ դետալների անդրադարձել են, կլինի տարիքը՝ ինչու՞ 65, ոչ թե 63, կլինի այն, որ դուք մինչև հիմա ծածկույթը չեք ներկայացնում, այսինքն՝ կա հունվարի մեկից մարդիկ ինչքան են վճարելու կոնկրետ դրամներով, բայց թե ինչի դիմաց են վճարելու, դա չկա և չգիտենք էլ՝ երբ կունենանք: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Այս նախագծի ամենամեծ խնդիրը, ըստ իս, այս տեխնիկական խնդիրները չեն: Խնդիրն այն է, որ դուք ծրագիրը բերել եք նախընտրական տրամաբանության մեջ ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները: Այո՛, դուք հինգ տարի խոսել եք սրանից: Հունվարի 1-ից սահմանել եք, որ քաղաքացու հարկը պիտի բարձրանա, դեկտեմբերի 2-ն է, մենք նոր առաջին ընթերցում ենք անում ու քննարկում»,-նշել է նա:
Պատգամավորը հավելել է, որ այլ պատճառաբանություն կամ տրամաբանություն այս ծրագրի քննարկման համար չկա, քան այն, որ վեց ամիս հետո ընտրություններ են:



